Միջազգային հանրությունը դատապարտում է
Ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունները պետք է որքան հնարավոր է շուտ դադարեցվեն։ Այս մասին Բեռլինում հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտանմայերը, ով նաև հանդիսանում է ԵԱՀԿ-ի գործող նախագահը։ Փոխանցում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվամիջոցը։ «Կոչ եմ անում կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և հարգել հրադադարի ռեժիմը»,- ասել է նա։ «Այս կոնֆլիկտը չի կարող ունենալ ռազմական լուծում։ Կողմերը պետք է քաղաքական կամք ցուցաբերեն`վերադառնալու բանակցությունների ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներ։ Համանախագահներն իրենց աշխատանքով լիակատար աջակցություն են հայտնում»,- ասել է գերմանական դիվանագիտության ղեկավարը։ Ուժի կիրառումը դատապարտող հայտարարություն է տարածել նաև ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ ափսոսանք հայտնելով մարդկային կորուստների համար։ Համանախագահները կոչ են արել կողմերին դադարեցնել մարտական ակտիվ գործողությունները եւ ելքեր որոնել տեղում իրավիճակը կայունացնելու համար: Ավելացնենք նաև, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան բանակցություններ է վարել Հայաստանի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության հետ։ «Ինտերֆաքս»-ին հաղորդել է ՀԱՊԿ-ի մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։ Մանրամասներ բանակցությունների մասին չի հաղորդվում։ Զայնետդինովը նշել է, որ Ն.Բորդյուժան եւ ՀԱՊԿ-ի ղեկավարությունը մշտական շփման մեջ են Հայաստանի ղեկավարության հետ: «Հանրապետության Պաշտպանության նախարարությունից համապարփակ տեղեկություններ ենք ստացել տեղի ունեցող զինված բախման վերաբերյալ: Կարծում ենք, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը ռազմական լուծում չունի»։ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: