Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅ ՍԱՄԲԻՍՏՆԵՐԸ 2 ՄԵԴԱԼ ՆՎԱՃԵՑԻՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈւՄ

Սպորտ

Հայաստանի սամբոյի հավաքականը Սերբիայում կայացած մեծահասակների Եվրոպայի առաջնությունում 2 մեդալ է նվաճել: 74 կգ քաշային Աշոտ Դանիելյանը արժանացել է արծաթե մեդալի, իսկ 68 կգ քաշային Դավիթ Խաչատրյանը՝ բրոնզե:

Մեր ուժեղագույն սամբիստ, 2005թ. աշխարհի փոխչեմպիոն Լաերտ Ավագյանը առաջնության հենց առաջին փուլում վնասվածք է ստացել եւ չի կարողացել շարունակել պայքարը:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետյանը նշեց, որ մասնակցելու դեպքում Ավագյանը անպայման մեդալ կնվաճեր եւ փաստորեն վնասվածքի պատճառով Հայաստանը մեկ մեդալ քիչ նվաճեց:

Չնայած մեդալներին` ֆեդերացիայի նախագահը, որի գլխավորությամբ էլ հայկական պատվիրակությունը մեկնել էր Սերբիա, այնքան էլ գոհ չէր հայ մարզիկների ելույթներից. «Մեզ համար արդեն սովորական երեւույթ է դարձել նման մրցաշարերում մեդալներ նվաճելը եւ ես ավելիին էի սպասում՝ ոսկե մեդալի: Օլիմպիական մրցաձեւերի համար եւ սպորտկոմիտեի համար սա լավ արդյունք է, սակայն անձամբ ես գոհ չեմ»:

Ավելացնենք, որ Բելգրադում կայացած Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացրել են 5 մարզիկներ: