Կալանավորված ազատամարտիկը գրավի հնարավորություն չունի
Ազատամարտիկ Աղասի Մարտիրոսյանը հնարավորություն չունի իր նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանքը, փոխարինել գրավով: Նա կալանավորվել է Նորք Մարաշում նոյեմբերի 25-ին վնասազերծված Արթուր Վարդանյանի գործով: Իսկ այսօր ԱԱԾ քննչական վարչության պետի առաջին տեղակալ Միքայել Համբարձումյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ նախաքննական մարմինը դատարանում չի առարկի, որ գործով կալանավորված 4 անձանց՝ այդ թվում նաեւ Աղասի Մարտիրոսյանի խափանման միջոցը փոխարինվի գրավով: Պաշտպանական կողմի հույսը մնում է այն, որ նախաքննական մարմինը դատարանում կալանքը երկարացնելու միջնորդություն չներկայացնի: Աղասի Մարտիրոսյանի պաշտպան Լիանա Բալյանը տեղեկացրեց, որ այսօր է տեսակցել իր պաշտպանյալի հետ, գունատ էր եւ ավելի էր նիհարել : «Նա իրեն առաջադրված մեղադրանքում մեղավոր չի ճանաչում: Ասում է՝ ես ինչ կապ ունեմ քրեական գործի հետ»,- նշում է պաշտպանը: Ձերբակալությունից երկու օր առաջ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից շքանշանով պարգեւատրված Աղասի Մարտիրոսյանը 25 օր հացադուլ էր անում՝ պահանջելով չոտնահարել իր իրավունքներն ու դադարեցնել անօրինական նախաքննությունը: Այնուհետեւ առողջական խնդիրների պատճառով դադարեցրել էր հացադուլը: