Արփինե Հովհաննիսյանը կմասնակցի ՀԱԿ առաջարկած քննարկմանը (տեսանյութ)
ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը մեկնաբանեց, թե ինչ ֆորմատի հանդիպում էր այսօր իր ղեկավարած հանձնաժողովում ԸՕ նոր նախագծի շուրջ: Նրա խոսքերով՝ քաղաքական ուժերի հետ մարտի 18-ի քննարկումից հետո իր աշխատասենյակում կրկին քննարկում են ունեցել, որտեղ հնչել են տարբեր մտահոգություններ. «Մտահոգությունները կապված էին նույնականացման քարտերի, մատների թանաքոտման, տեսախցիկների հետ: Դավիթ Հարությունյանն այս փուլում իմի է բերել բոլոր առաջարկությունները ու ներկայացրել իշխանությունների տեսակետը»: Ինչ վերաբերում է ՀԱԿ առաջարկած 4+4+4 ձեւաչափին, ապա պարոն Սահակյանը նշեց, որ իրենք որեւէ քննարկում, որեւէ ձեւաչափ մյուսին չեն հակադրում, այլ ընդհակառակը՝ համադրում են. «Ցանկացած քննարկում տալու է իր դրականի հատիկը, ինքս լիահույս եմ, որ 4+4+4 ձեւաչափով մենք կունենանք կառուցողական քննարկում: Ներկա կլինեն ՀՅԴ-ից երկու ներկայացուցիչ, ես, քանի որ մասնակցության նամակն ինձ էր ուղղված»: Իսկ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նիստից հետո հայտարարեց, որ լրագրողների հետ կապված դրույթի շուրջ ներկա պատգամավորների մեծ մասի հետ ընդհանուր հայտարարի են եկել. «Բոլոր լրատվամիջոցները ԿԸՀ կներկայացնեն 50 ներկայացուցչի ցանկ՝ ընտրություններին հավատարմագրվելու համար՝ լուսանկարով, անուն-ազգանունով, եւ նրանց կտրամադրվեն համապատասխան վկայականներ: Ընտրատեղամասում որեւէ լրատվամիջոցի հետ կապված թվի սահմանափակում չի մտցվելու՝ յուրաքանչյուր ԶԼՄ յուրաքանչյուր ընտրատեղամասում կարող է ունենալ երկու ներկայացուցիչ: Այն բացառիկ դեպքերում, երբ ԶԼՄ-ների ու դիտորդների թիվն այնքան կգերազանցի որեւէ ընտրատեղամասում, այդ դեպքում հանձնաժողովի 2/3-ով կարող է սահմանափակվել նրանց ներկայությունը, սակայն 15-ից նրանց թիվը չի կարող նվազ լինել: Դա նշանակում է, որ տվյալ դեպքում պետք է լինի քաղաքական կոնսենսուս»: Արդարադատության նախարարն ընդգծեց, որ ՀԱԿ առաջարկած 4+4+4 ձեւաչափով քննարկմանը մասնակցելու է. «Ես գտնում եմ, որ դա միակ ձեւաչափը չի կարող լինել, սա հերթական քննարկումն է լինելու: Քաղաքական կոնսենսուսը որեւէ մեկի կողմից որակվելով չի լինում, կամ ինչ-որ մեկի կողմից ուլտիմատումի կերպով առաջադրված պայմանների ընդունումով կամ առաջադրումով չի լինում: Այնպես որ, ժամանակը ցույց կտա, թե քաղաքական կոնսենսուս ասվածը որ ձեւաչափով տեղ գտավ ու ինչ ձեւաչափով իրագործվեց: Այս պահին ես զերծ կմնամ մեկնաբանություններից»: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը եւս մասնակցելու է 4+4+4 ձեւաչափով հանդիպմանը: Արդյոք նա կիսում է ընդդիմության տեսակետը, որ այս ձեւաչափը կապահովի հասարակական-քաղաքական լայն կոնսենսուս, պարոն Հարությունյանը պատասխանեց. «Պարզ է, որ յուրաքանչյուր ոք կարող է հավակնություն ունենալ ներկայացնելու ողջ հանրությունը, բոլոր քաղաքական ուժերը: Ես այդ ձեւով չէի սկսի մեր քննարկումը. ՀԱԿ-ը քաղաքական ուժ է, որ ներկայացված է ԱԺ-ում, եւ ինչպես այլ քաղաքական ուժի, ՀԿ-երի դեպքում, մենք հանդիպումները կանցկացնենք»: Նա մասնակցել է նաեւ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին եւ ընդգծեց, որ որեւէ նախապայման չեն ընդունելու, սակայն պատրաստ են արդյունավետ քննարկման: