Հայկական դասական երաժշտություն՝ իտալացի սաքսոֆոնահարի կատարմամբ (տեսանյութ)
Երևանում է Իտալացի աշխարհահռչակ սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի հրավերով։ Ապրիլի 2-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալու է նրա նոր համերգային ծրագիրը, որի ընթացքում կհնչի հայկական դասական երաժշտություն՝ Կոմիտաս, Ալեքսանդր Հարությունյան, Տիգրան Մանսուրյան, Առնո Բաբաջանյան, Միքայել Թարիվերդիև։ Սաքսոֆոնի համար փոխադրումները կատարել է Մելիք Մավիսակալյանը։ Մոնդելչին մեր երկիր է այցելում արդեն 7-րդ անգամ։ «Ինձ շատ հաճելի է լինել Հայաստանում և նվագել կամերային նվագախմբի հետ»,-ասաց նա: «Իզուր չէ, որ նրան Մոնդելչյան են արդեն անվանում»,-կատակեց Վահան Մարտիրոսյանը։ «Համերգը նախատեսվում էր դեռ անցած տարի` Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված, չհաջողվեց, սակայն Իտալիայում ունեցած իմ համերգների ժամանակ ես կատարեցի հայ հեղինակների գործերը` դրանք նվիրելով Ցեղասպանության տարելիցին»,-ասաց երաժիշտը: «Այս անգամ Հայաստանում, ցավոք, քիչ ժամանակով եմ, բայց նախորդ այցի ժամանակ շատ եմ շրջել, այցելել եմ Արցախ»: Նրան հիացրել է բնությունը, եկեղեցիներն ու հոգևոր շարականները, հայկական խոհանոցն ու երաժշտություն լսելու հայերի ունակությունը։ Մոնդելչիի կինը՝ Անտոնելլա Չեչերեն, որն արդեն իսկ երրորդ անգամ է մեր երկրում, ևս իր հիացմունքն արտահայտեց, և իր իսկ խոսքով Իտալիայից հետո երկրորդ հարազատ երկիրն իր համար դարձել է Հայաստանը։