Խ. Քոքոբելյանը դեմ չէ, սակայն չի մասնակցի 4+4+4 հանդիպմանը (տեսանյութ)
Թեեւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը ստորագրել է ՀԱԿ առաջարկած 4+4+4 ձեւաչափի տակ եւ պաշտպանում է այն, սակայն այսօր կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը մասնակցեց ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ՀՀ ԸՕ նոր նախագծի շուրջ անցկացված քննարկմանը, որտեղ ֆորմատին դեմ ուժերն էին հավաքված: Լրագրողների հետ զրույցում նա պատճառաբանեց՝ հաշվի առնելով, որ բոլոր առաջարկությունները, չէ, որ ընդգրկվել են այդ պլատֆորմում, այդ պատճառով էլ մասնակցում են նաեւ այս քննարկմանը. «Զուտ կոնսենսուսի առումով 5 ընդհանուր կետերի շուրջ համաձայնության ենք եկել, եւ այս պահին էլ գտնում եմ, որ այդ կետերը խիստ անհրաժեշտ են, սակայն կան նաեւ էական ազդեցություն ունեցող կետեր, օրինակ՝ ԱԺ կողմից ձեւավորվող կոալիցիայի ձեւավորման սահմանափակումը, ուրեմն որեւիցե մեկը չպետք է առիթը բաց թողնի քննարկել ու մեզ մտահոգող հարցերը բարձրացնել: Որեւիցե հակասություն չեմ տեսնում թե այս, թե սրան հաջորդող մյուս քննարկումների մեջ: Ես շատ կուզենայի, որ վաղն էլ լինի քննարկում, որպեսզի բոլոր առաջարկությունները հնարավոր լինի քննարկել»: Պարոն Քոքոբելյանը դժվարացավ ասել՝ իշխանություններն իր ներկայացրած առաջարկություններից քանիսն են պատրաստ ընդունել. «Ավելին, ես հույսեր չունեմ քվեարկված ցուցակների հրապարկման հետ կապված: Ընտրությունների վերահսկման առումով ԸՕ այս նոր նախագիծը որեւէ հնարավորություն չի տալիս: Չեմ կարող ասել, թե դրական որեւէ պատասխան չի եղել, քանի որ դեռ չենք խոսում վերջնական որոշումների մասին, այլ խոսվում էր մտահոգություններից, հնարավոր մեխանիզմներից»: Արդյոք նա կմասնակցի՞ 4+4+4 ձեւաչափի հանդիմանը, Խաչատուր Քոքոբելյանը նախ ասաց, որ այդ ձեւաչափն ինքը չի առաջարկել, ապա նաեւ ավելացրեց. «Որեւիցե խնդիր չեմ տեսնում, որ այդ ձեւաչափով էլ ԸՕ-ն քննարկվի, քանի որ ցանկացած քննարկում, որտեղ կպնդվեն այն առաջարկները, որոնք մենք պնդել ենք, մենք դրա կողմնակիցն ենք: Բնականաբար, մենք չենք մասնակցելու 4+4+4 ձեւաչափի հանդիպմանը»: