Ծրագրված է եղել պայթեցնել Սերժ Սարգսյանի անձնական օդանավը. ԱԱԾ (տեսանյութ)
Նախաքննական մարմինը դեմ չէ, որ զինված խմբի գործով կալանավորված 4 անձինք՝ քույրեր Ասյա Մկրտչյանը, Մարինե Կաթանյանը, ազատամարտիկ Աղասի Մարտիրոսյանը եւ Հովհաննես Բալաբանյանը գրավով ազատ արձակվեն:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԱԾ քննչական վարչության պետի առաջին տեղակալ Միքայել Համբարձումյանը նշեց, որ դատարանում միջնորդության դեմ չեն առարկելու:
Անդրադառնալով բուն նախաքննությանը՝ վերջինս չբացառեց, որ այն երկու-երեք ամսից կավարտվի: Իսկ այսօր ներկայացրեց գործին առնչվող լուսանկարներ եւ փաստեր:
Միքայել Համբարձումյանը ցույց տվեց մի լուսանկար, որտեղ մարդիկ դիմակներով էին՝ զենքերը ձեռքներին: Լուսանկարը,ըստ ԱԱԾ քննչական վարչության պետի առաջին տեղակալի, արվել է Արթուր Վարդանյանի հորական տանը՝ Ծաղկաբեր գյուղում: Իսկ մարզումներից հետո խումբը տեղափոխվել է Երեւան: Ի դեպ, բանախոսն այսօր նշեց, որ զինված հանցախումբը նախատեսում էր գործողությունների ժամանակ ոստիկանական համազգեստ կրել:
Խուզարկությունների արդյունքում գտնվել է նաեւ Երեւանի քարտեզը՝ կլոր նշաններով եւ խաչերով, որոնք նախանշել են գործողությունների վայրերը, նաեւ նոթատետրեր, որտեղ հստակ նշված է եղել՝ խմբի կոնկրետ որ անդամը ո՞ր կառույցի վրա պետք է հարձակում գործեր՝ Բաղրամյան 26, Սահմանադրական դատարան, Ազգային ժողով, Կառավարություն, Հ1 հեռուստաընկերություն եւ այլն:
Նախապես նաեւ ուղերձ է ձայնագրվել, որտեղ Արթուր Վարդանյանը հայտարարել է, որ զենքի գործադրմամբ հասել են իրենց նպատակին:
ԱԱԾ քննչական վարչության պետի առաջին տեղակալի խոսքերով` զինված խմբի անձինք իրենց մոտ ունեցել են գաղտնի հեռախոսահամարներ՝ միմյանց հետ շփումների համար: Սակայն ԱԱԾ-ն հայտնաբերել է դրանք եւ գաղտնալսել: Խմբի անդամներն անձնական տեղեկություններ են հավաքել նաեւ 147 քաղաքական գործիչների վերաբերյալ, այդ թվում՝ իշխանական և ընդդիմադիր պատգամավորների, Հիմնադիր խորհրդարանի անդամների մասին:
ԱԱԾ քննչական վարչության պետի առաջին տեղակալ Միքայել Համբարձումյանը միաժամանակ տեղեկացրեց, որ հանցախումբը հետեւել է երեք նախագահներին՝ տեսագրել է Առաջին նախագահի առանձնատունը, Ռոբերտ Քոչարյանի աշխատավայրը՝ «Էրեբունի պլազա» հյուրանոցը, եւ գործող նախագահի թիկնազորի աշխատանքները: Ի դեպ, նրանց ծրագրերում եղել է նաեւ Սերժ Սարգսյանի անձնական օդանավը պայթեցնելու գաղափարը, սակայն վերջնական որոշում չէին կայացրել:
Միքայել Համբարձումյանն անդրադարձավ նաեւ Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին՝ նշելով, որ նա դեռ մայիս ամսից կապի մեջ է եղել խմբի հետ:
Ի դեպ, հայտնի է այն անձը, որը ֆինանսավորել է խմբին՝ տալով 65 հազար դոլար: Նա մեղադրյալ է, սակայն կալանավորված է, թե՝ ոչ, պաշտոնյան չնշեց:
Ի դեպ, այս գործով 33 անձինք են մեղադրվում, որոնցից 28-ը՝ գտնվում են կալանքի տակ:
ԱԱԾ պաշտոնյան միաժամանակ հիշեցրեց, որ չպետք է խախտել անմեղության կանխավարկածը, քանի դեռ չկա դատարանի օրինական վճիռ, նրանք անմեղ են: