Պարզաբանումներ կտա նաև Մհեր Սեդրակյանը
Ապրիլի 4-7 ԱԺ քառօրյա նիստերին ընդառաջ մարտի 29-ից մշտական եւ ժամանակավոր հանձնաժողովներում նախատեսված են մի շարք նիստեր: Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը կքննարկի 2 նախագիծ՝ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» եւ «Փրկարար ուժերի եւ փրկարարի կարգավիճակի մասին» օրենքներում փոփոխություններ, լրացումներ կատարելու մասին եւ կներկայացնի եզրակացություն: «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքի՝ ՀՀԿ մի շարք պատգամավորների հեղինակած փոփոխություններով առաջարկվում է հանել 5 տարվա ՀՀ ԳԽ պատգամավորի պաշտոն զբաղեցնելու չափանիշը: Նախագծի հիմնավորման նշվում է՝ ՀՀ առաջին գումարման ԳԽ ընտրությունները, որոնք տեղի են ունեցել 2 փուլով, իսկ որոշ պատգամավորներ էլ ընտրվել են էլ ավելի ուշ՝ կապված այդ ժամանակ գործող ընտրական գործընթացների առանձնահատկությունների հետ, ուստի ԳԽ գործունեության ողջ ժամանակահատվածի ժամկետը նրանց համար խախտվում է օբյեկտիվ պատճառներով: Ի դեպ, այս նախագիծը հետաձգվել էր մեկ տարով: Իսկ «Փրկարար ուժերի եւ փրկարարի կարգավիճակի մասին» օրենքի՝ Կառավարության հեղինակած փոփոխություններով Լիազոր մարմնի հայտով կամավոր փրկարարների՝ արտակարգ իրավիճակի վայր մեկնելու դեպքում փրկարարը ազատվում է աշխատանքային պարտականությունների կատարումից պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար: Ըստ այս նախագծի հիմնավորման՝ օրացուցային տարվա ընթացքում մինչեւ 15 աշխատանքային օր ժամկետով արտակարգ իրավիճակի վայր մեկնելու դեպքում կամավոր փրկարարներին փոխհատուցվում են պետության կողմից ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով եւ չափով: Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը եւս նիստ կանցկացնի: Հանձնաժողովը կշարունակի քննել «Մեդիա եւ իրավունք», «Լրագրողների միավորում» եւ «Ազատ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ների դիմումի քննությունը: Դիմումով լրագրողական ՀԿ-երը պահանջում են քննել ՀՀԿ պատգամավոր Մհեր Սեդրակյանի վարքը, որը փետրվարի 19-ին ԱԺ միջանցքում վիրավորել ու հայհոյել էր լրագրողներին: Մարտի 29-ին հանձնաժողովը կլսի ՀԿ-երի ներկայացուցիչների պարզաբանումները: Իսկ արդեն մարտի 31-ին հանձնաժողով կհրավիրվի պատգամավոր Մհեր Սեդրակյանը՝ պարզաբանումներ տալու նպատակով: