Վարչապետը վստահեցնում է, որ գազի գինը նվազելու է (տեսանյութ)
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր մասնակցում էր Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության 16-րդ համագումարին։ Լրագրողների հետ զրույցում նա չպատասխանեց «Ա1+»-ի լրագրողի այն հարցին, թե համաչա՞փ է արդյոք համարում Լևոն Սարգսյանի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» պարգևատրումը Սերժ Սարգսյանի կողմից։ Լրագրողների այն պնդումներին, թե մասնավորապես ի՞նչ ծառայությունների համար է նա պարգևատրվել, վարչապետը կարճ արձագանքեց. «Կարծում եմ, որ պարգևատրումը հիմնավորված է, և դրա համար կան կառույցներ, որոնք ներկայացնում են նախագահին պարգևատրման համար, դրա բոլոր հիմքերը կային, և դրան անդրադառնալու անհրաժեշտություն չկա»։ Լրագրողների հարցին, թե քաղաքական դպրոց բացելուց հետո հնարավո՞ր է, որ այնտեղ դասավանդեն Առաքել Մովսիսյանն ու Մհեր Սեդրակյանը, Հովիկ Աբրահամյանը ի պատասխան նշեց. «Եթե դուք ցանկություն ունեք, դուք էլ կարող եք այնտեղ դասավանդել։ Կարծում եմ, որ դա դեռևս քննարկման փուլում է գտնվում, մենք երեկ ենք այդ որոշումը կայացրել, իսկ թե ովքեր են այնտեղ դասավանդելու՝ այդ հարցին չենք անդրադարձել, բայց կդասավանդեն այն մարդիկ, ովքեր դրա իրավունքը, դրա գիտելիքը ունեն»։ Գործադիր մարմնի ղեկավարն անդրադարձավ նաև ԸՕ-ի վերաբերյալ ընդդիմության առաջարկներին՝ ասելով, որ կառավարության ներկայացուցիչներն ու ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամները ընդդիմության հետ շատ ակտիվ աշխատում են, և յուրաքանչյուր ողջամիտ առաջարկ թե ընդդիմության, թե ՀԿ-ների կողմից ներկայացրած, իրենք կքննարկեն և անպայման կընդունեն։ Հիշեցնենք նաև, որ 2014թ-ից սկսած ՏՏ ոլորտների ներկայացուցիչներին ԱՄՆ մուտքի վիզա չի տրամադրվում, ինչի մասին բազմիցս բարձրաձայնել են նաև ոլորտի մասնագետները։ Հնարավո՞ր է, որ կառավարությունը միջամտել է այդ հարցում, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը,որ Հովիկ Աբրահամյանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե այդ ոլորտից մասնագետների արտահոսք կա։ «Ա1+»-ի այս հարցին ի պատասխան վարչապետը շեշտեց. «Դուք ինչո՞ւ եք ձեր մտահոգությունն իմ վրա բարդում։ Ես այդպես չեմ մտածում։ Խնդրին տեղյակ ենք և, անպայման, միջամտելու ենք, ձեզ տեղյակ կպահենք, անհոգ եղեք»։ «ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ մեր նախագահը քննարկել է այդ հարցը և կա հանձնարարական գերատեսչություններին, որպեսզի գազի գնի նվազման ուղղությամբ կատարեն քննարկումներ։ Հիմա այդ փուլում ենք գտնվում. Որ գինը նվազելու է դա փաստ է, բայց թե ինչքանով դա քննարկումների արդյունքում կճշտեն»,-անդրադառնալով նաև սպառողների համար գազի գնի նվազմանը շեշտեց Հովիկ Աբրահամյանը։