Վարչապետի դիտողությունը Դավիթ Լոքյանին
Կառավարության այսօրվա նիստում Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրեց մի նախագիծ, որը վերաբերում էր «Որոտան Սիսթեմս» ՍՊԸ-ին: Նախագծով ներդրումային ծրագրի շրջանակներում «Որոտան Սիսթեմս»-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային եւ հարկային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգվում է: Ընկերությանը ունենալու է 3. 31 մլրդ դրամի ներդրում, որից 120,5 մլն դրամը՝ սարքավորումներ ձեռքբերման համար: Ըստ մամուլի տեղեկությունների՝ այս ընկերությունը պատկանում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մերձավորներին։ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանն էլ ներկայացրեց համայնքներում «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ» պետական հիմնարկի կողմից իրականացվող՝ գյուղական կարողությունների ստեղծման ծրագրով գազատարների կառուցմանը: Ըստ նրա՝ 2012թ. առանձին համայնքների փոխարեն համաֆինանսավորման պարտավորություններն ապահովելու համար Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամին տրամադրելու նպատակով՝ Ֆինանսների նախարարությանը կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացված փոխատվությունները համայնքները ֆինանսական միջոցների սղության պատճառով չեն կարողանում ժամանակին վերադարձնել: Պարոն Լոքյանը նշեց նաեւ, որ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացված 249 300 մլն դրամից գումար չի մարվել. «Այդ գումարների մարման ժամկետը սահմանվել է մինչև 2015թ. դեկտեմբերի 31-ը: Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել երկարաձգել մարման ժամկետը մինչև 2016թ. դեկտեմբերի 31-ը»: Վարչապետ Հովիկ Աբրահամյանին այս հայտարարությունը դուր չեկավ. «Ամեն տարի, որ երկարաձգում ենք ժամկետները՝ ոչ տոկոսներն են մարում, ոչ մայր գումարը, պետք է հիմնավորեն՝ չե՞ն ուզում, թե՞ չեն կարող մարել: Դրա համար մարզպետների հետ պետք է հավաքվեք ու քննարկեք»: