Ոստիկանները Գասպարիին չեն հասցրել բերման ենթարկել (տեսանյութ)
Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի գործով պաշտպաններն այսօր դատարանին միջնորդեցին ապացույցների հետազոտման համար վերսկսել դատաքննությունը: «Որպեսզի մենք հնարավորություն ունենանք մասնակցելու այդ փուլին եւ անելու մեր հայտարարությունները»,-ասաց փաստաբան Լուսինե Հակոբյանը: Դատավորը սակայն միջնորդությունը չբավարարեց՝ նշելով, որ դատաքննությունն արդեն ավարտվել է եւ պաշտպանական կողմը պետք է հանդես գա ճառով: Թեեւ պաշտպանական կողմը ճառին պատրաստվելու համար միջնորդեց տրամադրել 12 աշխատանքային օր , սակայն դատավորը միայն մեկ օր տվեց: «Դատավորն արդեն իսկ իր դրսեւորած վարքագծային ուղղությունից, որեւէ շեղում թույլ չի տալիս եւ շարունակում է խախտել մեր վստահորդի արդար դատաքննության իրավունքը»,- ավելացրեց Վարդգես Գասպարիի պաշտպան Լուսինե Հակոբյանը: Նախորդ դատական նիստին դատավորը Գասպարիին բերման ենթարկելու որոշում էր կայացրել: «Երբ որ մենք դատարանի ճանապարհին էինք , օֆիսից ինձ զանգեցին եւ ասացին, որ ինչ որ ոստիկաններ են եկել ինձ բերման ենթարկելու»,- փոխանցեց Վարդգես Գասպարին: Ոստիկանության երկու ներկայացուցչի եւ դատավորի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու համար մեղադրվող Գասպարին չի օգտվելու իր ճառի իրավունքից, սակայն վերջին խոսքով հանդես կգա: Գործով դատական նիստը կշարունակվի մարտի 25-ին: