«Հարցեր լուծող Եվրոպան չի կարողանում դիմակայել ահաբեկչությանը»
Արևելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հինգերորդ լիագումար նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով Բրյուսել էին մեկնել «Եվրանեսթ» ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները, այդ թվում՝ Թևան Պողոսյանը։ Նա մեզ հետ զրույցում հայտնեց, որ այսօր Բրյուսելում արդեն ավելի հանգիստ է, քան երեկ. «Երեկ երեկոյան 6-ից հետո ամեն ինչ փակ էր քաղաքում՝ խանութները, ռեստորանները: Մասնավոր ոլորտին ասել էին, որ ամբողջությամբ պատասխանատվությունը իրենց վրա է, կոչ էին արել բոլորին տներում մնալ»։ Այսօր առավոտվանից, ըստ պատգամավորի, արդեն հանգիստ է, քաղաքային տրանսպորտը արդեն տեղ-տեղ հասանելի է. «Մի փոքր առիթ ունեցանք փողոցով քայլել, ավտոբուսները աշխատում են, խանութները վերաբացվում են։ Քիչ-քիչ կյանքը մտնում է իր հունի մեջ, չնայած մտավախություն բոլորի մոտ կա։ Մարդիկ ավելի աչալուրջ են, իրար վրա են ուշադիր նայում, բայց էնպես չէ, որ չեն ժպտում, չեն բարեւում, հյուրանոցի աշխատակիցների հետ ենք խոսել, նրանք բոլորը տարբեր ինֆորմացիոն աղբյուրներից տարբեր թվեր են ասում զոհերի հետ կապված, բայց բոլորը հասկանում են, որ կյանքը շարունակվում է, եւ խորհուրդ են տալիս աչալուրջ լինել։ Մի քանիսի հետ որ խոսել եմ այստեղ, զայրացած են հենց այդ առիթով; Ցավում են, որ Եվրոպան, որ աշխարհով մեկ հարցեր էր լուծում ժամանակին, ապա այսօր եվրոպական մայրաքաղաքներում չեն կարողանում դիմակայել նման խնդիրներին։ Բայց դա էմոցիոնալ դաշտի խոսքեր են, հույս ունենանք, որ կհասկանան, որ պետք է համատեղ պայքարել այս ամենի դեմ»: Տեղեկություն կա, որ օդանավակայանը առնվազն երկու օր չի աշխատելու, այնպես որ ՀՀ ԱԺ պատվիրակությունը համապատասխան ծառայության հետ քննարկում է, թե ինչպես տեղափոխվել հարեւան երկրներ եւ այնտեղից մեկնել Հայաստան: Նրանք կմեկնեն կամ Հոլանդիա, կամ Գերմանիա, կամ որեւէ այլ տեղ, որտեղից կարող են գալ Երեւան։