ՀՅԴ. «Այս Ընտրական օրենսգիրքը միքս է» (տեսանյութ)
Դաշնակցական Աղվան Վարդանյանը չի կարող ասել, որ Հանրապետականը հեղինակել է մի Ընտրական օրենսգիրք, որով պատրաստ է զիջել իշխանությունը. «Ես չգիտեմ որեւէ իշխանություն, որը իշխանություն է եւ գալիս է մի ժամանակ եւ ասում է՝ լավ, հաջորդ ընտրություններին ես ուզում եմ իշխանություն չլինել»: Պատգամավորը կպնդի, որ այս Ընտրական օրենսգիրքը հնարավորություն է տալիս մեծացնել հասարակության վստահությունը ընտրությունների հանդեպ: Եվ երբեք չի համաձայնվի ընդդիմության հետ, որոնք այս ընտրական օրենսգրքում տեսնում են թաքնված մեծամասնական ընտրակարգ, որով քաղաքացին պատգամավոր է դարձնում կոնկրետ թեկնածուին. «Երբեմն մենք ունենք քաղաքական ուժ նոր ձեւավորված, որի ներկայացուցիչը պարբերաբար դեմ էր արտահայտվում 100 տոկոս համամասնականին: Հիմա էդ կուսակցության ներկայացուցիչները ելույթ են ունենում եւ ասում են՝ սա թաքնված մեծամասնական է: Երբ որ իրենք համամասնականին դեմ էին եւ մեծամասնականին կողմ»: Աղվան Վարդանյանն ասում է, որ աշխարհում ընդունված են համամասնական ընտրակարգի տարբեր ձեւաչափեր, մենք ընտրել ենք հետեւյալը. «Մինչեւ հիմա մենք բողոքում էինք, որ մեր քաղաքական հիմնական ուժերը, որոնք անձ- կուսակցություններ են, որ մեկ անձ է որոշում տվյալ կուսակցության ցանկը եւ քաղաքացին որեւէ կերպ հնարավորություն չունի տեղաշարժելու: Հիմա էս երկուսն էլ համադրված են եւ միքս տարբերակն է եղել եւ սա հարյուր տոկոս համամասնական ընտրակարգ է»: Խնդիրներ, իհարկե, տեսնում է Դաշնակցությունը Հանրապետականի հեղինակած այս օրինագծում: Օրինակ, վիճելի է մարզերում 10 հազար ընտրողի համար յուրաքանչյուր կուսակցությունից մեկ թեկնածու ձեւաչափը: Սակայն սա՞ էր պնդում Դաշնակցությունը, երբ տասնյակ տարիներ պահանջում էր 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգ. «Կոնկրետ այս տարբերակը գուցե չէ, բայց բազմաթիվ ձեւեր կան, եւ մենք վերցրել ենք, ուսումնասիրել ենք եվրոպական, աշխարհի առաջադեմ 60 երկրների ընտրական փորձը մանրամասն եւ կրկնում եմ՝ սա շատ տարածված նորմալ համամասնական ընտրակարգ է»: