«Ո՞վ է հիմար՝ բերի այսօր փող բաժանի». քաղաքապետի թեկնածու (տեսանյութ)
Ապրիլի 17-ին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում կայանալիք քաղաքապետի ընտրությունը բավական հետաքրքիր է անցնելու. կարծում է «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Արթուր Միսակյանը: Նրա խոսքերով՝ այս ընտրատարածքում միշտ երկու թեկնածու է եղել, սակայն երեկ գրանցվել է երեք թեկնածու՝ ինքը, Հրազդանի ներկայիս քաղաքապետ Արամ Դանիելյանը եւ նախկին քաղաքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սասուն Միքայելյանը: Նախկին ՕԵԿ-ական Արթուր Միսակյանը իրեն համարում է այլընտրանքային թեկնածու եւ նշում՝ ունի հազարավոր համակիրների եւ համախոհների աջակցությունը: «Արթուր Միսակյան թեկնածուն ունի շատ հնարավորություն՝ Հրազդան քաղաքում արձանագրելու հաղթանակ: Ես չեմ ասում, դրա մասին խոսում են բոլոր իմ հանդիպումները մեր ազգաբնակչության հետ, նրանց վերաբերմունքը իմ նկատմամբ, նրանց մոտեցումները իմ առաջ քաշած ծրագիրներին, դրույթներին: Այս առումով ես անհանգստանալու որեւէ խնդիր չունեմ: Գործող քաղաքապետի աշխատանքը 14 տարի եղել է Հրազդանի բնակչի աչքի առաջ, ամեն հրազդանցի իր կաշվի վրա է զգացել այդ աշխատանքը: Սասուն Միքայելյանի աշխատանքը նախկինում եղել է հրազդանցիների աչքի առաջ: Վերջիվերջո մարդիկ տեսել են, ապրել են Հրազդանում»,- ասում է քաղաքապետի թեկնածուն: Նրա խոսքերով՝ կա երկու թեկնածուների կողմից այս տարիների ընթացքում կատարված աշխատանք եւ կա ինքը: «Իմ գործը հեշտացել է, որովհետեւ այսօր հրազդանցին համեմատելու, ընտրություն կատարելու հնարավորություն ունի: Վերջիվերջո ասում են ճշմարտությունը ծնվում է համեմատության մեջ»: Ըստ քաղաքապետի թեկնածուի՝ Հրազդանում պետք է տեղի ունենա խղճի համոզմունքի, այլ ոչ թե փողի եւ պարտադրանքի ընտրություն «Այսօր այն փողը՝ ընտրակաշառքը , որը տալիս են մարդուն քվեարկելու համար, մի քանի անգամ դրանից շատ քթերից բերելու են, ո՞վ է հիմար բերի այսօր փող բաժանի, ոչ մեկ հիմար չէ, բերի 100 հազարավոր դոլարներ բաժանի, ու բաժանելուց, ընտրվելուց հետո մտածի ժողովրդի մասին: Չկա նման բան, նա ով փող է բաժանում ընտրվելու համար, նա մտածելու է այդ փողը հետ բերելու մասին»,- ասաց Արթուր Միսակյանը: