Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոռուպցիան Հայաստանից անպակաս է. տնտեսության 35%-ը ստվերում է (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
corruption

Հայաստանի Հանրապետությանը բնորոշ են «համակարգային կոռուպցիան և կառավարության գործունեության թափանցիկության պակասը»։ Այս մասին փաստում են միջազգային կազմակերպությունների տարբեր  ուսումնասիրությունները։ Ըստ «Թրանսփարենսի» հակակոռուպցիոն կենտրոնի՝ Հայաստանում տնտեսության 35%-ը ստվերում է՝ հարկ չի վճարում։ Վառելիքի, շաքարի, հացահատիկի ներմուծման շուկաներում գերիշխող դիրք են գրավում կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապված որոշ գործարար խմբեր։ Մեկ այլ մարմնի՝ Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի  զեկույցում  նշվում է, որ կոռուպցիան շարունակում է մնալ հայ հասարակության համար կարևոր խնդիրներից, չնայած նրան, որ կոռուպցիայի դեմ պայքարի հարցը տարիներ շարունակ եղել է քաղաքական օրակարգի առաջնային հարցերից մեկը: Խումբը Հայաստանին հատկապես   հորդորում է քայլեր ձեռնարկել պատգամավորների, դատավորների և դատախազների շրջանում կոռուպցիան կանխելու ուղղությամբ: «Բազմաթիվ են հաղորդումները, որ դատական ատյանները կախված են ոչ միայն տարբեր մակարդակի պաշտոնյաներից, այլև ավելի բարձր ատյանների դատավորներից: Մյուս կողմից, լուրջ մտահոգություններ կան դատավորների վրա կաշառքով և նվերներով ազդելու հնարավորության վերաբերյալ»,- ասվում է զեկույցում։ Որպես լուծում հակակոռուպցիոն խումբն առաջարկում է  նվազեցնել Հանրապետության նախագահի դերը դատավորների առաջխաղացման ու պաշտոնանկության գործընթացում։ Դեռեւս 2013թ ՀՀ  Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հրապարակել է  դատական ատյաններում շրջանառվող կաշառքի չափերը։ Ըստ ՄԻՊ այդ  զեկույցի՝  խնդիրը առաջին ատյանում կարող է լուծվել 500-ից 10000 դոլարով, վերաքննիչում՝ 2000-ից 15000, իսկ վճռաբեկում՝ 10000-ից 50000 դոլարով։ Չնայած այսպիսի փաստերին՝ Հայաստանի Կառավարությունն առիթը բաց չի թողում հայտարարելու, թե ինտենսիվ  պայքարում է կոռուպցիայի դեմ։ Մեկ տարի է  գործում է   Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը։ Նրա կազմում ընդգրկված պետական պաշտոնյաների անունները ժամանակ առ ժամանակ կապվում են կոռուպցիոն ռիսկերի հետ։ Ի դեպ, Ոստիկանության տվյալներով՝ 2015 թվականին կոռուպցիոն բնույթի  616 հանցագործության դեպք է հայտնաբերել, որից 97-ը՝ կաշառակերության։