Ն. Փաշինյանը ԱԱԾ պետին հաղորդում է տվել հանցագործության մասին
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում հայտնում է. Հենց նոր ԱԱԾ տնօրենին ուղարկեցի հետեւյալ գրությունը. ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանին. Պարոն Կուտոյան. Ս/թ. մարտի 21-ին Հրազդանի քաղաքապետի թեկնածու Արամ Դանիելյանի ընտրական շտաբի անունից հայտարարություն է տարածվել (http://www.aravot.am/2016/03/21/669707/), որին կցված է նաեւ youtube սոցիալական ցանցի հղում, որտեղ տեղադրված է եղել 01.52 րոպեանոց մի տեսանյութ: Տեսանյութից ակնհայտ է դառնում, որ ինչ-որ անձինք ս/թ մարտի 21-ին Հրազդան քաղաքում գաղտնի հետեւել են ինձ, գաղտնի տեսանկարահանել, ինչը առերեւույթ պարունակում է օպերատիվ-հետախուզական գործունեության հատկանիշներ: Հաշվի առնելով, որ՝ - «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի երրորդ կետը արգելվում է օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացումը օրենքով չլիազորված պետական մարմինների, ստորաբաժանումների կամ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից, - Տեսանյութը ստորագրված չէ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու լիազորություն ունեցող որեւէ պետական մարմնի կողմից, - Տեսանյութը առերեւույթ կարող է պարունակել ՀՀ բարձրաստիճան անձ հանդիսացող անձի՝ ԱԺ պատգամավորի նկատմամբ հանցագործություն նախապատրաստելու ապացույցներ, - Տեսանյութը առերեւույթ կարող է պարունակել Հրազդանի գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի եւ քաղաքապետարանի աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտնեական լիազորություններն անցնելու հատկանիշներ՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի ը) կետի, 7-րդ հոդվածի բ) կետի համաձայն ակնկալում եմ ստանալ հետեւյալ հարցերի պատասխանը.
- Ովքե՞ր են հետեւել ինձ եւ ինչու՞ են դա արել գաղտնի: 2. Զինվա՞ծ են եղել արդյոք այդ անձինք: 3. Ու՞մ հանձնարարությամբ են իրականացրել անձեռնմխելի անձ հանդիսացող ՀՀ ԱԺ պատգամավորի գաղտնի հետեւումը: 4. Արդյո՞ք Հրազդանում, կամ Երեւանում իմ տեղաշարժերին հետեւում են, եթե այո՝ ովքե՞ր են հետեւող անձինք, ու՞մ հանձնարարությամբ եւ ի՞նչ նպատակով են դա իրականացնում:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ