ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ
Աջակցիր «Ա1+»-ինՎաղը ժամը 16:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք «Փյունիկ»-«Գանձասար», ինչպես նաեւ Գյումրիում՝ «Շիրակ»-«Միկա» հանդիպումներով կմեկնարկի ֆուտբոլի Հայաստանի 15-րդ առաջնությունը, որին մասնակցելու են 8 ակումբներ: Հաջորդ օրը միմյանց հետ կհանդիպեն «Արարատ»-ը եւ «Բանանց»-ը, ինչպես նաեւ «Ուլիս»-ը եւ «Կիլիկիա»-ն:
Մեկնարկելիք առաջնության բացահայտ ֆավորիտը անկասկած «Փյունիկն» է, որ նախորդ 5 տարիներին անընդմեջ հռչակվել է Հայաստանի չեմպիոն` ամեն անգամ դա անելով բացահայտ առավելությամբ: Թիմի նորանշանակ մարզիչ Սամվել Պետրոսյանի գլխավորությամբ «Փյունիկը» արդեն գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի հանդիպումներում ցույց տվեց, որ իր պոտենցիալով իրոք մեծ ներուժ ունի: Ընթացիկ մրցաշրջանի առաջ Հայաստանի չեմպիոնը համալրել են հարձակվողներ Տիգրան Ղարաբաղցյանը, վետերան Արսեն Ավետիսյանը, կիսապաշտպան Բորիս Մելքոնյանը եւ Էդուարդ Պարցիկյանը: Վերջինս ինչպես եւ Արսեն Ավետիսյանը նախկինում հանդես է եկել «Փյունիկ»-ում ու բավական փորձառու ֆուտբոլիստ է: Իսկ Ղարաբաղցյանը եւ Մելքոնյանը երիտասարդական հավաքականի անդամներ են:
Իրենց կազմերով «Փյունիկ»-ին ամենեւին չեն զիջում «Բանանց»-ը եւ «Միկա»-ն, որոնք ի տարբերություն չեմպիոնի, ավելի լուրջ են նախապատրաստվել առաջնությանը՝ հրավիրելով մի շարք լեգիոներների: Թե որքանով նրանք կարդարացնեն իրենց, ցույց կտան առաջիկա հանդիպումները:
Մրցանակային տեղերի համար կպայքարեն նաեւ Երեւանի «Արարատ»-ը եւ Կապանի «Գանձասար»-ը: Սուրեն Բարսեղյանի «Արարատ»-ը գավաթային հանդիպումներում վատ տպավորություն չթողեց, սակայն թիմը խաղային բոլոր օղակներում էլ դեռ լուրջ անելիքներ ունի, որոնք շտկելու դեպքում կարող է եւ մտնել լավագույն եռյակ: Իսկ «Գանձասար»-ի գլխավոր զենքը` սեփական հարկի տակ հանդիպումները կլինեն: Կապանում «Գանձասար»-ի համար ապահոված է լեփ-լեցուն խաղադաշտը, ինչը շատ կարեւոր գործոն է ֆուտբոլում եւ բացառիկ երեւույթ հայկական ֆուտբոլում:
Մնացած 3 ակումբները՝ «Կիլիկիա»-ն, «Ուլիս»-ը եւ «Շիրակ»-ը ավելի համեստ հնարավորություններ ունեն եւ թերեւս կպայքարեն վերջին տեղից խույս տալու համար: «Կիլիկիա»-ն գավաթային խաղերում բավական անդեմ խաղ ցուցադրեց, սակայն շուտով թիմ են վերադառնալու Էրզերումյան եղբայրները, որոնք համարվում էին ակումբի առաջատարները եւ միգուցե նրանք կկարողան բեկում մտցնել «Կիլիկիա»-ի խաղում: