Միջադեպ է եղել Իսագուլյանի եւ Հովսեփյանի միջեւ՝ առանց արյան գետերի (տեսանյութ)
Հայաստանում ԼՂՀ ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը որեւէ վատ բան չի տեսնում նրանում, որ Վարդան Օսկանյանը պատրաստվում է սեփական կուսակցությունը հիմնել։ «ՀՀ յուրաքանչյուր չափահաս քաղաքացի իրավունք ունի ստեղծել կուսակցություն, այդ թվում եւ Վարդան Օսկանյանը: Ինձ համար տարօրինակ է, որ որոշ նորաստեղծ կուսակցությունների ներկայացուցիչներ ասում են, թե այդքան կուսակցություն կա, ի՞նչ կարիք կար նորը ստեղծելու»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց նա: Խոսելով ընտրական նոր օրենսգրքի մասին՝ Իսագուլյանը նշեց, որ լավ կլիներ, որ այն հասարակության համար մատչելի լեզվով գրված լիներ: Այլ խնդիրներ առայժմ նա չի տեսնում: Գառնիկ Իսագուլյանը կարծում է, որ բացի ՀՅԴ-ից, 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ քաղաքական այլ ուժեր նույնպես կցանկանան կոալիցիա կազմել իշխանության հետ. «Ճամբարին միանալու ցանկություն ունեցող կուսակցությունների թիվը շատ-շատ է, բայց դրանցից շատերը չունեն այն հեղինակությունը եւ մարդկանց թիվը, որ կարողանան հայտ ներկայացնել: Բայց չեմ բացառում, որ մինչ ընտրություններն ինչ-որ քաղաքական ուժեր անպայման կմիանան այդ կոալիցիային, թեկուզ միայն ղեկավարների տեսքով, որոնք կընդգրկվեն ցուցակներում»,-նշեց նա: Ինչ վերաբերում է օրերս մամուլում տարածված լուրերին, թե 2006 թվականին Իսագուլյանի եւ ՊԵԿ նորանշանակ ղեկավար Հովհաննես Հովսեփյանի միջեւ միջադեպ է տեղի ունեցել նախագահի նստավայրում, ապա Իսագուլյանը հաստատեց դա՝ ասելով. «Դա փաստ է, այսինքն՝ եթե գնան, նախագահականում ուսումնասիրեն, կգտնեն այդ փաստաթուղթը: Անցկացվել է ծառայողական քննություն, որը ղեկավարել է այդ ժամանակ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արա Գյուրջյանը, փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանը եւ Արմեն Գեւորգյանը: Քննության արդյունքում նախագահի առջեւ դրվել է եզրակացությունը, եւ ըստ այդմ որոշում է կայացել: Այնպես որ՝ անհնար է հերքել, որ միջադեպ եղել է: Բայց այն, որ իբրեւ թե արյան գետեր են հոսել, դա իրականությանը չի համապատասխանում: Եթե նման դեպք լիներ, ոչ թե ծառայողական քննություն կանցկացվեր, այլ քրեական գործ կհարուցվեր»,-եզրափակեց Իսագուլյանը՝ հրաժարվելով մանրամասնել, թե ինչ միջադեպի մասին է խոսքը: