«Ա. Մովսիսյանի վարքագիծը չի ազդի ՀՀԿ հեղինակության վրա» (տեսանյութ)
ՀՀԿ պատգամավոր Առաքել Մովսիսյանի վարքագիծը չի կարող որեւէ ազդեցություն ունենալ կուսակցության հեղինակության վրա: ԱԺ-ում այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը՝ անդրադառնալով երեկ ԱԺ դահլիճում Առաքել Մովսիսյանի եւ Նիկոլ Փաշինյանի լեզվակռվին: Ըստ նրա՝ Սերժ Սարգսյանը որեւէ մեկի պաշտպանության կարիքը չունի, իսկ թե ինչու են ՀՀԿ որոշ պատգամավորներ փողոցային բառապաշարի անցնում՝ փորձելով պաշտպանել Սերժ Սարգսյանին, պարոն Մելիքյանը կարճ պատասխանեց. «Դիմեք իրենց. նման պահվածքն առաջին հերթին վարկաբեկում է նման վարքագիծ ունեցող պատգամավորին»: Արդյոք ԱԺ առաջիկա ընտրություններին ոչ կոռեկտ պատգամավորներին կներառե՞ն համամասնական ցուցակում հարցին Գագիկ Մելիքյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ այդ հարցը պետք է ուղղեք ժողովրդին. ժողովուրդն ինքն է որոշելու, թե որ պատգամավորն է տեղ ունենալու»: