«Ես ասում եմ, որ նա սուտասան է». Ա. Մանուկյանը՝ ՏՄՄՊՀ նախագահին (տեսանյութ)
ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն այսօր ավելի շփոթվեց եւ այնպիսի տարօրինակ բաներ ասաց, որ զարմանալի էր ուղղակի. «Ա1+»-ի հետ զրույցում ԱԺ քննարկումները մեկնաբանեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ անդրադառնալով հանձնաժողովի՝ 2016թ. ծրագրին: Նրա խոսքերով՝ ԱԺ-ում փորձել է ներկայացնել միջազգային զեկույցների անդրադարձը մեր երկրի տնտեսական մրցակցության վերաբերյալ, որին ի պատասխան Արտակ Շաբոյանն արձագանքել էր, թե դրանք անաչառ չեն. «Ես զարմանում եմ այս մարդկանց նայիվության վրա. այն մասում, որտեղ քննադատում են ՀՀ-ին, մերոնք համարում են ոչ անաչառ, որտեղ փող են տալիս, լավն են»: Արամ Մանուկյանի դիտարկմամբ՝ մեզ մոտ ապրանքները 30 տոկոսով ավելի թանկ են, քանի որ չկա ազատ մրցակցություն. «Կա մենաշնորհ, կա գողական վերաբերմունք մեկ տեղի ղեկավարվող՝ այս ապրանքը այս գնով պիտի վաճառվի ու վերջ: ՀՀ-ում կարող եք գտնել մի մարդու, որը չգիտի, որ Սամվել Ալեքսանյանի սարքած օղիները անորակ են ու կեղծ են կամ դեղերը անորակ են ու հաճախ վնաս են տալիս, այլ ոչ թե օգուտ: Այսինքն, ստացվում է՝ բոլորը գիտեն հասարակությունում ինչ է կատարվում, բացի կառավարությունում նստած այն մի քանի հոգին, որոնց մեջ էլ Շաբոյանը. չգիտեն իրենք՝ այս երկրից չեն: Կամ էլ չգիտեմ ինչի տեղ են իրենց դնում, որ չգիտեն՝ ինչ է կատարվում այս երկրում»: Արտակ Շաբոյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր, որ իրականությանը չեն համապատասխանում այն լուրերը, թե Վրաստանի հետ համեմատությամբ բենզինը 120 դրամով ավելի թանկ է, իսկ «Ռոսնեւթ» ընկերությունն էլ ամենաէժան բենզինն է ներկրում: Արամ Մանուկյանի արձագանքը չուշացավ. «Լավ չի կարելի լինել այդքան պարզունակ. կամ քեզ ես դնում ոչ կոմպետենտ մարդու տեղ, կամ արհամարհում ես այն մարդկանց, որոնք քեզ լսում են: Դրա ճշտելու ձեւն այնքան հեշտ է՝ զանգում ես ձեր ծանոթին Նոյեմբերյան, ասում եք՝ ձեր հարեւանը, որ գնում է բենզին է բերում Վրաստանից, ի՞նչ գնով է առնում: Նաեւ՝ մտնում ես վրացական կայքեր ու նայում՝ ինչ արժեն բենզինն ու նավթը: Եթե ես սուտասան եմ, կամ թող ինձ դատի տան, կամ էլ, կրկնում եմ, Վրաստան գնացող մեկին գտնեն, կամ մաքսային ծառայություն զանգեն ու ասեն՝ քանի՞ հայկական մեքենա է այսօր մտել Վրաստան եւ մի ժամ հետո հետ եկել. մեքենաները գնում են մոտակա բենզալցակայանում լիցքավորում են ու մի կես ժամ հետո հետ են գալիս: Ու այս վեճը կվերանա՝ կամ ես սուտասան կդառնամ, կամ՝ նա: Հիմա ես ասում եմ, որ նա սուտասան է»: