«Եթե շինարարի որդի եք, կողմ կքվեարկեք» (տեսանյութ)
Պետական պարգեւների շնորհման օրենքով խորհրդարանին քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն առաջարկում է սահմանել «վաստակավոր շինարարի» պատվավոր կոչում: «Շինարարը տարբեր է, քան տնտեսության այլ ոլորտներում, մեր հարեւան երկրներում բոլորը պահպանել են այս կոչումը»,-ասում է Նարեկ Սարգսյանը:Ըստ նրա, ոլորտում բազմաթիվ հմուտ մասնագետներ կան, «խնդրում ենք ձեզ այս որոշումը պաշտպանել»: Ալիկ Արզումանյանն այս կոչումները համարում է ԽՍՀՄ-ից մնացած ատավիզմ: Հարեւան երկրներ ասելով պարոն Արզումանյանը ենթադրում է նախկին ԽՍՀՄ երկրները, քանի որ «քաղաքակիրթ երկրներում ես նման բան չեմ լսել»: «Եվրոպական երկրներում չեմ կարծում, որ փայլուն կոթողներ կառուցողներն ունեն Ֆրանսիայի Իսպանիայի պատվավոր շինարարի կոչում»,-ասում է պարոն Արզումանյանը: Վերջինիս համար այս կոչումներն անընդունելի են: Նարեկ Սարգսյանն ասում է, որ Արզումանյանն իրեն բավականին դժվար վիճակում դրեց, ինքն էլ իր անձնական կարծիքներն ունի կոչումների մասին եւ «շատ հնարավոր է՝ ես էլ համաձայն լինեմ»: Ըստ նրա, կա ժողովրդական նկարիչ, ժողովրդական արտիստ, վաստակավոր նկարիչ, վաստակավոր մանկավարժ, լրագրող եւ որպես համակարգի լիազոր մարմնի ղեկավար, պիտի ասի, որ շինարարներն այս հարցը շատ են բարձրացրել: «Ես որոշել եմ պաշտպանել այս մոտեցումը»,-ասում է Նարեկ Սարգսյանը, թեպետ համաձայն է, որ շատ երկրներում կոչումներով չէ, «այլ շքանշաններով, մեդալներով»: Բայց ինքը շինարարներին պատասխան չի ունենալու տալու, եթե այս կոչումները չլինեն: «Էս աբսուրդից մի տեղ պետք ա օղակը կոտրի»,-ասում է Ալիկ Արզումանյանը հիշեցնելով, որ ինքը շինարարի որդի է: «Ես հույս ունեմ, որ եթե դուք շինարարի որդի եք, կողմ կքվեարկեք»,-առիթից օգտվեց Նարեկ Սարգսյանը: