«Տարաձայնություններ ունեի ԲՀԿ-ում». Վահան Բաբայան (տեսանյութ)
ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանը հորդորում է ենթատեքստեր չփնտրել իր՝ ԲՀԿ-ից դուրս գալու կապակցությամբ: «Ամեն ինչ ավելի բաց եւ պարզ է, քան որոշ մարդիկ կարծում են: Ունեցել եմ ներքին քաղաքական եւ ռազմավարական խնդիրների շուրջ տարաձայնություններ եւ չեմ ցանկացել շարունակել աշխատել ԲՀԿ-ի հետ». այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց նա: Խոսելով նախկին ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի՝ կուսակցություն հիմնելու հայտարարության մասին, Բաբայանը նշեց. «Վարդան Օսկանյանի իրավունքն է՝ կուսակցություն ձեւավորել, թե ոչ, բայց Հայաստանում այսօր նոր քաղաքական գործիչների կարիք ավելի շատ կա»: Ինչ վերաբերում է ընտրական նոր օրենսգրքին, ապա Վահան Բաբայանը կարծում է, որ այն կօգնի, որպեսզի 2017 թվականի ընտրություններն անցնեն ավելի ազատ եւ թափանցիկ: Նա գտնում է, թե այն, որ օրենքով չի թույլատրվում հրապարակել քվեարկողների անունները, միմիայն արվել է գաղտնիության սկզբունքը պահպանելու նպատակով: