Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ընդդիմությունը թող բարի լիներ, ժամանակին առաջարկություններ աներ» (տեսանյութ)

Քաղաքականություն
Diana-nkar-Suqias-Avetisyan

«Ընտրական օրենսգրքի նախագծում ամեն ինչ արվում է, որպեսզի մեր ժողովրդի հավատը ընտրական գործընթացների վերաբերյալ վերականգնվի: Դեմ չեմ ներկայացված կետերին, սակայն կարծում եմ, որ դեռ քննարկման տեղ կա, մասնավորապես ընտրության ներկայացվող կուսակցությունների ցուցակների հետ կապված: Իսկ ընտրողների ցուցակները հրապարակելու վերաբերյալ ես ԱԺ-ում ասել եմ, որ դեմ եմ դրան որպես անձ, քանի որ դա ընտրական իրավունքի գաղտնիության խախտում է: Ես համաձայն չեմ, որ ընտրությունից հետո հրապարակվի, թե օրինակ իմ ընտանիքի քանի անդամ է մասնակցել ընտրությանը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ շեշտեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը: Մինչդեռ հիշեցնենք, որ ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչները պնդում են, որ իրենց ներկայացրած առաջարկները ներառված չեն ԸՕ-ի նախագծում և այն որակում են որպես ծածուկ կազմված և իշխանության շահերը սպասարկող փաստաթուղթ: Չե՞ք կիսում արդյոք այդ տեսակետը: «Ա1+»-ի հարցին ի պատասխան Սուքիաս Ավետիսյանը նշեց. «Չեմ կիսում այդ տեսակետը: ԸՕ-ը նախաձեռնել է ՀՀԿ-ն և այսօր նոր որոշ ուժեր հայտարարում են, թե իրենք էլ նոր նախագիծ են պատրաստում: Թող բարի լինեին նախագիծը իրենք նախօրոք պատրաստեին և ասեին, որ առաջարկում ենք հետևյալ նախագծի շուրջ գալ քննարկումների: Ծածուկ որևէ բան չի արվում: Դա նախագիծ է, որը ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, որպեսզի այնտեղից ունենանք արձագանքներ, որից հետո կրկին որոշակիորեն վերամշակվել է այդ նախագիծը և արդեն պաշտոնապես դրվել է շրջանառության մեջ: Ես ինքս ընդդիմության որևէ առաջարկ չեմ տեսել: Փաստաթուղթը շրջանառության մեջ դնելուց հետո առաջարկ անելու համար կա հատուկ կարգ»: Անդրադառնալով նաև ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանի կողմից ստեղծվելիք նոր կուսակցությանը, Սուքիաս Ավետիսյանը շեշտեց, որ ինքն այդտեղ մտահոգվելու առիթ չի տեսնում, քանի որ Վարդան Օսկանյանը երկար տարիներ եղել է քաղաքական դաշտում և հիմա ցանկություն է հայտնել կուսակցություն ստեղծել, ինչը բնական է: Մեր այն հարցին, թե ինչպես է գնահատում Օսկանյանի այն հայտարարությունը, որ իր ստեղծելիք կուսակցության օրակարգում է լինելու նաև Մարտի 1-ի բացահայտումը, ՀՀԿ-ական պատգամավորը շեշտեց. «Ամեն մեկը ինքն է որոշում` ինչ հայտարարություն անի, բայց համենայնդեպս եկեք չմոռանանք, որ մարտի 1-ին Օսկանյանը շատ կարևոր պաշտոն է զբաղեցրել: Նման հայտարարություններն ամեն մեկը յուրովի պետք է ընդունի, թե ինչ ձևաչափով է անում, որտեղ և ինչու: Մարտի 1-ը ինչքան շուտ բացահայտվի, այնքան շուտ որոշ հարցերի պատասխաններ մեր հասարակությունը կստանա»,-եզրափակեց նա: