«Նման փաստ չունենք». Հ. Աբրահամյանն իրեն հեռացնելու լուրերի մասին
Հայաստան ներկրվող ռուսական գազի գնի նվազեցման շուրջ որոշում դեռևս չկա, սակայն քննարկումներն արդեն ընթանում են: Այսօր ԱԺ-ում վստահեցրել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը. «Սերժ Սարգսյանը հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ, քննարկել են, հիմա նախարարությունները, «Գազպրոմ Արմենիան» գազի գնի շուրջ իրականացնում են բանակցություններ»: Անդրադառնալով տարեվերջյան իր հայտարարությանը, թե կառավարությունը օպտիմալացվելու է, վարչապետը վստահեցրեց՝ կառավարությունն իրականացնելու է օպտիմալացման ծրագիր. «Եթե նկատի ունեք մեկ նախարարության ավելացումը, գիտեք, որ համագործակցում ենք ՀՅԴ-ի հետ ու քննարկումների արդյունքում ենք այդ որոշումը կայացրել: Իսկ օպտիմալացում՝ իրականացնելու ենք, ինչպես արդեն ասել ենք՝ հաստիքների կրճատմամբ, մեքենաների կրճատմամբ: Պետական մարմիններն արդեն զբաղվում են այդ գործընթացով»: Հովիկ Աբրահամյանը վստահեցրեց նաեւ, որ դաշնակցական նախարարների հետ աշխատելը շատ հեշտ է, բայց նրանց արդյունավետությունը գնահատել դեռ չշտապեց «Կաշխատենք, կտեսնենք»,-ասաց նա: Վարչապետը հերքեց լուրերը, թե նա կառավարության անդամներից մի քանիսի հետ, վատ հարաբերություններ ունի. «Վարչապետի եւ նախարարի հարաբերությունները չեն կարող լարված լինել, դա միշտ հիշեք, խորհուրդ եմ տալիս, որովհետեւ վարչապետը վարչապետ է, նախարարը՝ նախարար: Խոսակցությունները եւ բամբասանքները պետք է ավարտվեն, արդեն ժամանակն է»: 2017թ.-ի խորհրդարանական ընտրություններից հետո որտե՞ղ եք տեսնում Ձեզ, հարցին, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Պիտի ապրենք մինչև 2017թ.-ը, հետո կտեսնենք... Մեր տանն անպայման, մյուս հարթակներում կորոշենք՝ միասին»: Իրեն հեռացնելու մասին լուրերին նա այսպես արձագանքեց. «Նման փաստ չունենք և մի մտահոգվեք ինձ համար, շատ շնորհակալ եմ իհարկե, բայց մի մտահոգվեք»: Խոսելով Վարդան Օսկանյանի նոր կուսակցություն ստեղծելու հայտարարության մասին՝ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Ես ողջունում եմ յուրաքանչյուր անձի կամ քաղաքական ուժի, որը կուսակցություն կորոշի բացել, այդ թվում՝ Վարդան Օսկանյանին: Որևէ կապ ես չգիտեմ պարոն Քոչարյանի հետ եւ ընդհանրապես դա ինձ չի էլ հետաքրքրում: Պարզապես մենք ուրախ ենք, որ քաղաքական դաշտում ևս մեկ կուսակցություն կլինի, որքան շատ լինեն, այնքան լավ կլինի մեր երկրի համար, այնքան թափանցիկ, այնքան արդար ընտրություններ կանցկացնեն»: