Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Յուրի Վարդանյանին պետք էր հետ կանչել» (տեսանյութ)

Քաղաքականություն
Naira-nkar

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանն այսօր ԱԺ ամբիոնից հիշեցրեց Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի ելույթը։ «Վերջերս համացանցը ցնցեցին Վրաստանում Հայաստանի դեսպան, ծանրորդ Յուրի Վարդանյանի մտքի հերթական գոհարները՝ այս անգամ Հայոց ցեղասպանության վերաբերյալ։ Հիշեցնեմ, որ մեր դեսպանը ցեղասպանություն հասկացությունն ընդունում է շատ զավեշտալի, բայց սա միակ մտքի գոհարը չէր, ինչպես փորձում է նրա մամուլի խոսնակը ներկայացնել։ Այնուհետ փորձելով ավելի շատ իր ինտելեկտը սփռել ներկաների առջև, դեսպանը որոշեց անդրադառնալ արտագաղթի թեմային։ Եվ որպեսզի ապացուցի, որ Հայաստանում արտագաղթ չկա, նա խորհուրդ տվեց ապրիլի 24-ին տեսնել, թե որքան մարդ է բարձրանում Ծիծեռնակաբերդ։ Այնուհետ ցեղասպանության վերաբերյալ իր խոհափիլիսոփայական մտորումներն ավարտեց ևս մեկ վիրավորական ձևակերպմամբ՝ հույս տալով բոլորիս, որ ցեղասպանության 200-ամյակը մենք կնշենք շատ ավելի բարձր մակարդակով»։ Տիկին Զոհրաբյանն ընդգծեց, որ դեսպանի այս պահվածքից որևէ մեկը չփորձեց  լուրջ հետևություններ անել։ «Արտգործնախարարությունը լռում է։ Նրանից եկավ մեծ պատասխան. լռությունը ևս պատասխան է։ Ոչ, հարգելի Արտաքին գործերի նախարարություն, չի կարող լռությունը լինել պատասխան։ Սա եզակի դեպք չէ։ Փոխանակ սրա պատասխանը լիներ մեր շատ հարգված դեսպանին հետ կանչելը, մեր պաշտոնյաներն ուղղակիորեն լռում են»,-շեշտեց նա։ Հիշեցնենք, որ Վրաստանում գործող հայալեզու «Ալիք» մեդիահարթակը տարածել էր Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանի ելույթը` Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնում փետրվարի 26-ին տեղի ունեցած, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Վրաստանի հանձնախմբի 2015 թվականի գործունեության տարեկան ժողովի ընթացքում: «Ես ցեղասպանություն հասկացությունն ընդունում եմ շատ, էսպես ասած, զավեշտական»,-բառացի ասել էր Յուրի Վարդանյանը։