Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գորիսի նախկին քաղաքապետի և Սուրիկ Խաչատրյանի միջև այլևս ատելություն չկա (տեսանյութ)

Քաղաքականություն
Gorisi-naxkin-nkarrrr

Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը երկար ժամանակ լռելուց հետո այսօր մամուլի ասուլիսով հանդես եկավ, իր խոսքով՝ իր, իր ընտանիքի անունից, չներկայացնելով որևէ ուժ։ «Արդեն ավելի քան 20 տարի կուսակցական չեմ։ Եղել եմ մի քանի տարի ՀԱԿ քաղխորհրդի անդամ։ Ինձ ճանաչողները գիտեն ինձ որպես արմատական ընդդիմադիր»,-ասաց նա։ Պարոն Հարությունյանը 1992-ին է պաշտոնավարել՝ ընդամենը 2 տարի։ Վերջին 16 տարիներին ապրում է մայրաքաղաքում. «Հարկադրված եմ եղել տեղափոխվել Երևան՝ ընտանիքով»,-շեշտեց նա՝ առանց մանրամասնելու։ Գորիսի նախկին քաղաքապետը մտադիր է հոգևոր-մշակութային կենտրոն հիմնել։ «Այն պետք է լուծի և Սյունյաց աշխարհի, և ընդհանրապես՝ Հայաստանի հոգևոր դաշտի ու մշակութային խնդիրները»։ «Ա1+»-ի հարցին, թե ինչ փոփոխություն կա պարոն Հարությունյանի՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ հարաբերություններում. «Այո, մոտ 25 տարի լարված հարաբերություններ են եղել Սյունիքի մարզպետի հետ։ Սուրիկ Խաչատրյանը և ևս 2 հոգի ինձ դատի էին տվել, ես էլ հետո իրենց դեմ էի հայց ներկայացրել։ Դատերից մեկը, կարող եմ ասել՝ ավարտվեց ոչ ոքի։ Դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսներին մենք հանդիպել ենք Սուրիկ Խաչատրյանի հետ։ Լավ է, որ չտրվեցինք էմոցիաներին, լուրջ խոսակցություն եղավ։ Եվ պարզ է այն, որ ես կարող եմ և իրավունք ունեմ զբաղվելու իմ նախաձեռնած այս գործով»։ Արդյո՞ք հարթվել են հարաբերությունները. «Չեմ կարող ասել, որ ընկերներ ենք կամ գործընկերներ, բայց կարծում եմ՝ լավ չէ, երբ սկսում ես ատել որևէ մեկի»,-ասաց նա։ Գորիսի նախկին քաղաքապետը շեշտեց, որ զարգացում է պետք Սյունիքում և ամբողջ երկրում։ Հարցին, թե ինչպե՞ս կարող է Սյունիքը զարգանալ, երբ կա վախի մթնոլորտ, բնակիչները վախենում են որևէ կարծիք հայտնել մարզպետի գործունեության մասին, նա նշեց. «Մեր երկրում բարոյահոգեբանական մթնոլորտն, իհարկե, ցանկալիից հեռու է։ Իհարկե, վախի մթնոլորտ կա մարզում։ Բայց ես փորձել եմ օրինակ ծառայել, որ մարդն իր հայրենիքում չվախենա։ Ամեն ինչ անելու եմ, որ սյունեցին չվախենա»։ Ինչպե՞ս է մարզպետի գործունեությունը գնահատում պարոն Հարությունյանը. «Ես տարիներ շարունակ քննադատել եմ Սուրիկ Խաչատրյանին՝ ընտանիքի, գերդաստանի հետ կապված։ Կան թերություններ, ապօրինություններ։ Բայց այն, որ աշխատանք կատարում են, չեմ կասկածում»։ Արդյո՞ք նորից քաղաքապետ կամ պատգամավոր կցանկանա դառնալ, նա շեշտեց. «Հայաստանի քաղաքական դաշտից ծայրահեղ դժգոհ եմ։ Առաջիկայում որևէ կուսակցության չեմ անդամագրվելու և քաղաքական գործընթացներին չեմ մասնակցելու։ Բայց դա չի նշանակում, որ որպես քաղաքացի իմ խոսքը չեմ ասելու»։