Պատմական պահ. Զ. Փոստանջյանի նախագծին մեծամասնությունը կողմ է (տեսանյութ)
ԱԺ-ում այսօր քննարկվեց նաեւ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նախագիծը՝ ԱԺ Կանոնակարգ օրենքում փոփոխությունների մասին նախագիծը: Այն վերաբերում է կարգազանց պատգամավորներին: Ելույթ ունենալիս Զարուհի Փոստանջյանը շատ ոգեւորված էր, հուզված ու բարձր տրամադրություն ուներ. «Սա առաջին օրինագիծն է, որ իմ կողմից հեղինակածն է ու հիմա քննարկվում է ԱԺ-ում: Ես չէի պատկերացնում, որ այն կընդունվեր, կվերաբերվեր կարգազանց պատգամավորներին. ես կարծում էի ավելի լուրջ դերակատարում կունենայի ԱԺ-ում: Սակայն այս նախագիծը համաձայնեցրի բոլորի հետ, ու այն կարծիքին էինք, որ պատժամիջոցներն ավելի խիստ պետք է լինեին: Կանխել մեկը մյուսի փոխարեն քվեարկությունն ու դա կարգազանցություն համարել, սա արդեն առաջընթաց է»: ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, հարակից զեկուցող, ՀՀԿ-ական Լեւոն Մարտիրոսյանը հայտարարեց, որ այս օրը պետք է համարել պատմական օր, որ Զարուհի Փոստանջյանի նախագիծը քննարկվում է. «Հուսով ենք, որ վերջինը չի լինի: Ես էլ եմ կոչ անում՝ կողմ քվեարկել»: Ելույթ ունեցավ նաեւ Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը՝ ասելով, որ շատ կարեւոր նախագիծ է սա ու այն չէր կարող որեւէ մեկի կողմից մերժված լինել. «Ցանկացած կառուցողական նախագիծ ԱԺ աջակցությունը պետք է ստանա»: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը արձագանքեց՝ ասելով. «Հաճելիորեն զարմացրինք Զարուհի Փոստանջյանին»: ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարեց, որ Զարուհի Փոստանջյանի նման ինքը եւս ոգեւորված է, որ այս նախագիծն իր հեղինակմամբ է կյանքի է կոչվելու. «Երկու ձեռքով կողմնակից եմ այս նախագծին, մանավանդ, որ հեղինակը կին է»: Էդուարդ Շարմազանովն իր կողմից ավելացրեց, որ իրենից սկսած բոլորն ունեն թերություններ. «Երբեմն ես էլ ոչ կոռեկտության պայմաններում, չգիտակցված, պահի ազդեցության տակ էմոցիոնալ ելույթներ եմ ունեցել, սակայն եկեք բարեկրթության պայմաններում աշխատենք՝ կրկնաքվեարկությունից ու միմյանց փոխարեն քվեարկելուց զերծ մնանք, ինչպես նաեւ՝ միջանձնային հարաբերությունների սրացումից զերծ մնանք, չփորձենք բղավել, երբ իշխանության ներկայացուցիչը խոսք է ասում ամբիոնից: Պետք է այնպես անենք, որ բոլորիս երեխաներն ապրեն ավելի բարեկիրթ ՀՀ-ում, ու ԱԺ-ն այն տեղն է, որ այդ նշաձողը պետք է սահմանվի: Շատ դեպքերում գռեհկությանը բարեկրթությամբ պատասխանենք: Ես լավատես եմ. ես կպաշտպանեմ այդ նախագիծը ու կարծում եմ, որ յուրաքանչյուր պատգամավոր կարող է այդ նշաձողին հավակնել»: Զարուհի Փոստանջյանի նախագծի քննարկումը եւս ավարտվեց, եւ այն եւս կքվեարկվի վաղը: