«Մեխանիզմը բարդ է, բայց մենք կբացատրենք ժողովրդին». ՀՀԿ-ական (տեսանյութ)
Անդրադառնալով Սարգսյան-Պուտին աշխատանքային հանդիպմանը՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը վստահեցրեց, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ որեւէ լուրջ խնդիր չկա: Դիտարկմանը, թե ՌԴ նախագահը հայտարարել էր, որ կողմերի միջեւ օբյեկտիվ բնույթի խնդիրներ կան, Գագիկ Մելիքյանը պատասխանեց. «Նախագահները բավականին լուրջ հարցեր են քննարկել ոչ միայն տնտեսական համագործակցությանը, այլեւ ռազմականին վերաբերող: Իսկ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, թե օբյեկտիվ խնդիրներ կան, կարծում եմ` վերաբերում է տնտեսականին: Դրանք կարծում եմ վերաբերում են մաքսատուրքերի որոշմանը, փոփոխություններին, ինչպես նաեւ ապրանքաշրջանառությանը, քանի որ ՌԴ-ն համարվում է տնտեսական պատժամիջոցների տարածք»: Խոսելով ընտրական օրենսգրքի մասին՝ նա ասաց, որ նոր նախագծում չկա ռեյտինգային եւ մեծամասնական քվեարկության մասին որեւէ դրույթ. «Ռեյտինգային եւ մեծամասնական քվեարկության մասին խոսողները պատկերացում չունեն այդ տեսակ քվեարկությունների մասին: Ռեյտինգային եւ մեծամասնական քվեարկություն գոյություն չունի մեր առաջարկած նախագծում: Մեխանիզմն է մի քիչ բարդ, որը մտահոգություններ է առաջացնում հասարակություն մեջ, բայց մենք ժամանակ ունենք եւ կկարողանանք բացատրել ժողովրդին քվեարկության մեխանիզմը»: Ինչ վերաբերում է գունավոր քվեաթերթիկներին, ապա Գագիկ Մելիքյանի պնդմամբ, սրանով բացառվում է կարուսելի մեխանիզմը: Ռուս ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինի վերլուծական հոդվածը ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի ռազմական հնարավորությունների մասին՝ իրենից ոչինչ չի ներկայացնում. Վստահեցնում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը. «Լուրջ վերաբերվել այս հոդվածին չեմ ուզում, բայց այն մտահոգիչ է ոչ միայն մեր, այլեւ ռուս ժողովրդի համար, քանի որ այդ հոդվածը փորձ է՝ փչացնել մեր հարաբերությունները, որն այսօր գտնվում է բարձր մակարդակում»: «Ա1+»-ի հարցին, թե պետք չէ՞ր արդյոք պետական մակարդակով պատասխանել այս հոդվածին, Գագիկ Մելիքյանը պատասխանեց. «Արձագանքել պետական մակարդակով պետք չէ, դա շատ ցածր է»: