«Տիեզերական առաջարկ չենք կարող ներդնել». ԸՕ քննարկումներ (տեսանյութ)
Ընտրական օրենսգրքի նախագծի հանրային քննարկմանն այսօր Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ չքննարկելի հարցեր չկան, ու իրենք ունեն արդեն բազմաթիվ առաջարկներ, որոնք կներկայացնեն ԱԺ-ում. «Սակայն տիեզերական առաջարկ, որն անհնարին է ՀՀ-ի համար, չենք կարող ներդնել, քանի որ դա ճիշտ լուծում չի լինի»: Նա նաեւ ընդգծեց, որ 2008թ. այս կողմ ունենք անձնագրերի թվային բազա, իսկ մինչ այդ այն մխիթար վիճակում էր, քանի որ կային սոսնձից պոկված լուսանկարներով քարտեր ու հնարավոր չէր անգամ պարզել՝ որը ում անձնագրային քարտն է՝պահպանման նորմեր չեն եղել: Քննարկմանը մասնակցում են ինչպես միջազգային կառույցների, այնպես էլ ՀՀ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ: ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իրենք ունեն երեսունից ավելի առաջարկ: Նա նախ հետաքրքրվեց ընտրատարածքներում լրատվամիջոցների եւ դիտորդների թվի սահմանափակումից. «Ո՞վ է որոշելու, թե որ լրատվամիջոցը կարող է ներկա լինել, ինչ է՝ ընտրական հանձնաժողովի նախագահը Դունյա Միատովի՞չն է լինելու, որ որոշի: Հացի հե՞րթ է, ինչ է, որ ով առաջինը գա գրանցվի, առաջնահերթություն կտրվի այդ լրագրողին»: Նա նաեւ անդրադարձավ համամասնական ցուցակներին. «Օրինակը բերեմ ԲՀԿ-ի վրա՝ եթե ցուցակում գրվում է առաջին եռյակի համարը, ապա՝ ռեգիոնի թեկնածուների ցանկը, ինչպե՞ս պետք է վարվի ընտրողը. «Օրինակ՝ ընտրողը չի ուզում ընտրի ռեյտինգայինով, սակայն ԲՀԿ-ին է ուզում ընտրի համամասնական ցուցակով, ու ռեյտինգայինում չի տեսնում իր թեկնածուին: Հիմա այս քվեաթերթիկը անվավե՞ր է համարվելու, թե ոչ»: Տիկին Զոհրաբյանն անդրադարձավ նաեւ քվեաթերթիկների ծալել-չծալելուն. «Կուսակցության թուղթը չի ծալվելու ծրարի մեջ դրվելիս, սակայն ասենք՝ մի գյուղի տատիկ շփոթվել, ծալել է, հիմա դա անվավե՞ր է: Կամ՝ ինչո՞ւ մեկ անձը չի կարող մի քանի ընտրատարածքներում առաջադրվել ռեյտինգային կարգով: Օրինակ՝ ես ուզում եմ, որ բոլոր ընտրատարածքներում առաջադրվեմ, իսկ ես անպայման առաջադրվելու եմ ռեյտինգայինով»: Դավիթ Հարությունյանը, հերթով անդրադառնալով բոլոր հարցերին, ասաց. «Ինչո՞ւ ենք որոշել լրատվամիջոցների ու դիտորդների թիվը սահմանափակել ութով: Սա, իհարկե, լավագույն լուծումը չէ, բայց մենք ցանկացած քննարկման համար բաց ենք: Ինչո՞ւ ենք առաջարկել նման կոպիտ լուծում: Խնդիրն այն է, որ հայտնի է, որ թեկնածուները չունեն վստահված անձինք, այլ միայն կուսակցությունները, սակայն մեզ մոտ բազմաթիվ թեկնածուներ ընտրատեղամասեր են ուղարկում իրենց վստահված անձանց, որոնք գալիս են որպես դիտորդ ու ԶԼՄ ներկայացուցիչ: Մենք արհեստական սահմանափակում ենք դրել այսպիսով, սակայն մենք ցանկացած ողջամիտ մեխանիզմ պատրաստ ենք քննարկելու, որ ընտրատեղամասում խառնաշփոթ չստեղծի»: Ըստ նրա՝ կան երկրներ, որտեղ լրագրողներին հավատարմագրում են, սակայն, նրա համոզմամբ, սա քաղաքական կոնսենսուսի խնդիր է. «Մենք ընդամենը ցանկանում ենք, որ թույլ չտանք մեծ բազմություն ընտրատեղամասերում՝ միաժամանակ ապահովելով նրանց գործունեությունը»: Նա եւս մեկ անգամ հայտարարեց, որ այս համակարգը չի կոչվում ռեյտինգային. «Խնդրում եմ՝ մի օգտագործեք այդ տերմինը: Սա համամասնական ընտրություն է՝ բաց ցուցակներով: Իսկ թե ինչու դակել, այլ ոչ թե ծալել: Եթե քվեաթերթիկը ծալված է, ապա այն վնասվում է: Ամեն ինչ իր գինն ունի. եթե ծալվել ու վնասվել է, ապա ինչ պետք է անենք: Կքննարկենք ու կորոշենք, թե որ տարբերակով ենք առաջ գնալու: Պարզեցված համամասնական ցուցակով եթե գնանք, ապա պերսոնիկացված անձ չենք ունենա ընտրատարածքներում, որը իր տարածքը չի ներկայացնում: Այս մեխանիզմով հնարավորություն կտանք, որ տեղերում կուսակցությունները կայանան»: