«Քիչ ծախսի, էս ժողովրդին բավարարի». բնակիչները՝ Տարոն Մարգարյանին (տեսանյութ)
Կառավարության շենքի դիմաց այսօր կրկին իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում Հյուսիսային պողոտայից տուժած բնակիչները: Նրանք պահանջում են իրենց քանդված բնակարանների փոխհատուցումը. «Մի քանի ընտանիք է մնացել, Տարոնը ասում է փող չունեմ, որ փող չունես, որտեղի՞ց ես մի միլիոն տալիս կոֆե առնում քո աշխատողների համար, մի միլիոն տալիս շոկոլադ ես առնում, որ ուտեն: Եթե փող չունես, ո՞նց ես առնում: Քիչ ծախսի, էս ժողովրդին բավարարի»,- նշում է տուժած բնակիչ Առաքելյան Քնարիկը: Նրանք ցուցապաստառները ձեռքներին վանկարկում էին՝ «ամոթ-ամոթ», «խաբեբաներ»: Կառավարության շենքի դիմաց էին նաեւ արդեն թոշակի անցած օդաչուները: Նրանք պահանջում էին փոխհատուցում, իրենց կատարած աշխատանքի համար. «Մինչեւ վերջին 10 տարին մենք ստանում էին փոխհատուցում պետությունից, քանի որ ժամանակին վտանգավոր աշխատանք ենք կատարել ու առողջական բազմաթիվ խնդիրներ ունենք: Բոլորս հաշմանդամության կարգ ունենք: Իսկ հիմա՝ ոչինչ: Երբ խոսում եմ իմ ընկեր օդաչուների հետ, որոնք այլ երկրներում են ապրում, նրանք զարմանում են, թե ինչպես են մեր երկրում վարվում մեզ հետ»,- նշեց նախկին օդաչու Ռազմիկ Խաչատրյանը: Նա հիշեցրեց, որ վարչապետը հրավիրել է նրանց, զրուցել իրենց հետ, տղամարդու խոսք տվել, որ կլուծի հարցը, բայց ամեն ինչ մնացել է օդի մեջ. «Հիմա ուզում ենք հասկանանք՝ ի՞նչ եղավ իր խոսքը»: