Սեֆիլյանին հարցաքննության էին կանչել Սուրենյանցի գործով (տեսանյութ)
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհրդի անդամ, «Ընդդիմության միասնական շտաբ»-ի պետ Ժիրայր Սեֆիլյանն այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում՝ որպես վկա ցուցմունք է տվել: «Հերթական անհեթեթ մի գործ: Մեր հասարակությանը հայտնի Սուրեն Սուրենյանց անունով մի անձնավորություն կա, բոլորը տեղյակ են դրա մասին, նա ինչ- որ ցուցմունք է տվել, որ դեկտեմբերի 8-ին անհայտ անձինք նրան վերցրել են , տարել են ինչ-որ ձոր, ծեծել են՝ ասելով, որ Ժիրոյի հասցեին ինչո՞ւ ես այսպիսի բաներ գրում»,- ասում է Ժիրայր Սեֆիլյանը: Քննիչները, ըստ Ժիրայր Սեֆիլյանի, կանչել էին պարզելու՝ ճանաչում է Սուրեն Սուրենյանցին, թե՝ ոչ: «Ես այս ընթացքը համարում եմ քաղաքական հալածանք: Այստեղ կարծում եմ երիտասարդ քննիչները մեղք չունեն, իրենք էլ չգիտեն ի՞նչ են անում: Անմակարդակ ձեւով վերեւից պատվիրված երեւույթ, քննիչի կցկտուր խոսքերից հասկացանք նաեւ, որ Սուրեն Սուրենյանցը վերջերս է ազատվել գաղութից: Հասկացա, որ նրան ազատ են արձակել այս պայմանով»,- ասաց նա: Ժիրայր Սեֆիլյանը վստահ է, որ նույնիսկ շատ ուզեն, այս գործով որեւէ բան իր հետ կապել չեն կարող: Հիշեցնենք, որ Սուրեն Սուրենյանցը մեղավոր էր ճանաչվել զգալի չափերով հափշտակություն կատարելու մեջ եւ դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման: