«Աթոռներն առած՝ նստել են, ժողովրդի մասին ո՞վ պիտի մտածի». Գրետա մայրիկ (տեսանյութ)
Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 57-րդ տարեդարձի առթիվ նրա հարազատ տանն այսօր կրկին մարդաշատ էր։ Սպարապետի ծնողներին որդու ծննդյան առթիվ եկել էին շնորհավորելու քաղաքական ու ռազմական մի շարք գործիչներ։
Գրետա մայրիկը՝ հուզմունքն աչքերին, այսօր ափսոսում է, որ որդու երազած հայրենիքում դեռ չենք ապրում։ Արդյո՞ք Վազգեն Սարգսյանը գոհ կլիներ ժողովրդի այսօրվա վիճակից, սպարապետի մայրը միանգամից ասաց. «Իհարկե, ոչ։ Եթե ինքը լիներ, այսպես չէր լինի ժողովրդի վիճակը, ավելի լավ կլիներ։ Ուներ այդ հնարավորությունը, կարողությունը, ուժը։ 1999 թվին արդեն երևում էր, թե նա ինչ կաներ։ Իհարկե, թույլ չտվեցին, որ թույլ տային, այդպես կանեի՞ն։ Շատ վատ է մեր ժողովրդի վիճակը։ Մեր պետությունը, Կառավարությունը պետք է ժողովրդի մասին մտածեն, միայն իրենց մասին չմտածեն։ Այնպես անեն, որ ժողովրդի վիճակը լավանա։ Այսպես չի կարող լինել»։
Վազգեն Սարգսյանն այն քչերից մեկն է, ով, կանգնած է Հայոց բանակի ստեղծման ակունքներում։ «Այս երկրի համար այդքան զոհեր տվեցինք, որ արդար լինի, ազատ լինի այս երկիրը, խոսքի ազատություն լինի։ Տղաներն ամեն ինչ արեցին, ամեն ինչ պետք է տեղը տեղին լիներ, բերեցին հոկտեմբերի 27-ը սարքեցին, մարտի 1-ը սարքեցին։ Սա անելո՞ւ բան էր բա։ Հիմա իրենք իրենց աթոռներն առած՝ նստել են։ Բա այս ժողովրդի մասին ո՞վ պիտի մտածի»,-հուզված նշեց նա։
Մինչ այդ առավոտյան Գրետա մայրիկին էին այցելել Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Երկրապահ կամավորականների միության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը, այլ զինվորական գործիչներ։ Նրանք բաժակ բարձրացրին սպարապետի համար՝ կարևորելով նրա ունեցած դերը Հայոց բանակի ստեղծման գործում։