Երազգավորսի բնակիչը իրարամերժ ցուցմունքներ տվեց (տեսանյութ)
Շիրակի մարզի Երազգավորս գյուղի բնակիչ Միքայել Հլղաթյանը՝ ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի ձերբակալվելու գիշերը եղել է հայ-թուրքական սահմանի մոտ։ Սակայն այսօր Ավետիսյանների սպանության գործով վկան չհստակեցրեց՝ արդյո՞ք ականատես է եղել զինծառայողի ձերբակալմանը։ Չնայած պնդմանը, թե ինքը մանրամասների չի տիրապետում, պարզվում է՝ մեկ տարի առաջ նախաքննական ցուցմունքում նկարագրել էր Պերմյակովի ձերբակալության դրվագը։ Մեղադրող դատախազն ընթերցեց այն։ «Ես տեսա, որ փշալարերի մոտ զինվորական վիլիս մակնիշի մեքենա եկավ և մի քանի զինվորականներ մեկին բռնած մոտեցնում էին, որ նստեցնեին այդ ավտոմեքենան։ Ես այդ ժամանակ ուշադիր նայեցի և տեսա, որ այդ անձը Վալերի Պերմյակովն է»։ Ավետիսյանների իրավահաջորդների շահերի ներկայացուցչի ճշտող հարցին՝ ի վերջո ինքը տեսե՞լ է Պերմյակովի ձերբակալության պահը, նշեց, որ այդ մասին իմացել է համագյուղացի Աշոտից։ Ավետիսյանների սպանության գործով դատական նիստին հարցաքննվեց նաև սահմանապահ ջոկատի ավագ վարորդ Մամիկոն Հարությունյանը, ում մեքենայով Վալերի Պերմյակովը վերադարձվել էր զորամաս։ «Ճանապարհին ես ոչ մի բան չեմ լսել, միայն մի բան եմ լսել, որ գնդապետը հարցրեց զենքդ ո՞ւր ա, պատասխանել է՝ պահել եմ, ուզում ե՞ք ցույց տամ»,- ասաց Հարությունյանը։ Այսօրվա դատական նիստին պետք է հարցաքննվեր նաև ռուս զինծառայողներ, այդ թվում՝ Վալերի Պերմյակովի անմիջական հրամանատարը։ Նիստից առաջ զորամասի ներկայիս հրամանատարը դատարանին տեղեկացրել է, որ նրանք այլեւս իրենց մոտ չեն ծառայում։ Ավետիսյանների իրավահաջորդների շահերը ներկայացնող փաստաբանները միջնորդեցին ապահովել նրանց ներկայությունը դատական նիստերին՝ պնդելով, որ կարևոր վկաներ են։ Դատական հաջորդ նիստը տեղի կունենա մարտի 11-ին։