ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնի փորձագիտական եզրակացությունը
ԶԼՄ-ՆԵՐԻ ԷԹԻԿԱՅԻ ԴԻՏՈՐԴ ՄԱՐՄՆԻ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ Ընդդեմ «shamshyan.com» կայքի՝ Մուշեղ Հովսեփյանի դիմումի վերաբերյալ Դիտորդ մարմնին է դիմել քաղաքացի Մուշեղ Հովսեփյանը՝ ընդդեմ «shamshyan.com» կայքի՝ 2016թ. փետրվարի 28-ին հրապարակված «Արտակարգ դեպք Երևանում. փրկարարների ճիշտ գործողությունների արդյունքում երեխաների խնամքի և պաշտպանության համար գիշերօթիկ հաստատությունում կանխվեց երեխաների ինքնասպանությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ» վերտառությամբ լուրի: Գագիկ Շամշյանը չի առարկել, որ Դիտորդ մարմինը քննարկի խնդիրը եւ տա իր եզրակացությունը։ Դիտորդ մարմինը 2016 թվականի մարտի 3-ի նիստում քննարկեց վերոնշյալ բողոքը եւ առաջնորդվելով իր աշխատակարգի 5.1 հոդվածով, ըստ որի՝ «ԴՄ-ը ինքնակարգավորման նախաձեռնության անդամների կողմից կամ սույն աշխատակարգով նախատեսված դեպքերում՝ ոչ անդամների կողմից Վարքականոնի խախտման վերաբերյալ բողոքների քննության հիմքով կայացնում է կարծիք-եզրակացություն», ինչպես նաեւ՝ աշխատակարգի 5.8 կետով, ըստ որի՝ «Նախաձեռնության անդամ չհանդիսացող ԶԼՄ-ի կողմից Վարքականոնի խախտման վերաբերյալ բողոքները կարող են քննվել միայն վերջիններիս համաձայնության դեպքում», արձանագրեց. 1. 2016 թվականի փետրվարի 28-ին «shamshyan.com» կայքում հրապարակված է «Արտակարգ դեպք Երևանում. Փրկարարների ճիշտ գործողությունների արդյունքում երեխաների խնամքի և պաշտպանության համար գիշերօթիկ հաստատությունում կանխվեց երեխաների ինքնասպանությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ» վերտառությամբ լուրը, որի նախնական տարբերակում տրվում էին միջադեպի մասնակից երեխաների անուններն ու ազգանունները, հրապարակված էին լուսանկարներ՝ երեխաների դեմքերով: Փետրվարի 29-ին, մի շարք կազմակերպությունների բողոքներից հետո, տեքստից հանվել են անունները՝ թողնելով միայն առաջին տառերը, սակայն դեմքերով լուսանկարները պահպանվել են մինչեւ մարտի 2-ը: Մարտի 2-ին դրանք եւս հեռացվել են: 2. Նույն տեղեկությունը, «shamshyan.com» կայքին հղում կատարելով, տարածել են այլ լրատվամիջոցներ եւս, որոշները՝ առանց երեխաների անունների եւ ճանաչելի լուսանկարների: Ուսումնասիրելով վերոնշյալ փաստերը, Դիտորդ մարմինը եզրակացրեց. 1. «Shamshyan.com» կայքի փետրվարի 28-ի հրապարակումն իր նախնական տարբերակով խախտում է երեխաների մասին նյութեր հրապարակելու համընդհանուր սկզբունքները եւ հակասության մեջ է Հայաստանի լրատվամիջոցների եւ լրագրողների էթիկական սկզբունքների Կանոնագրի 4.3 կետի հետ, ըստ որի պետք է՝ «առանձնապես նրբանկատ լինել, երբ տեղեկատվության աղբյուրները կամ հրապարակումների հերոսները երեխաներ, անչափահասներ են: Զգույշ լինել դեռահաս մեղադրյալների, ամբաստանյալների, դատապարտյալների, սեռական հանցագործությունների զոհերի ինքնությունը բացահայտելիս»: 2. Հրապարակումը հակասում է նաեւ Հայաստանի լրատվամիջոցների եւ լրագրողների էթիկական սկզբունքների Կանոնագրի 4.6 կետին, որը սահմանում է՝ «...ինքնասպանություն գործած կամ այդպիսի փորձ կատարած անձանց, ինչպես նաեւ ողբերգություն կամ վիշտ տարած մարդկանց մասին տեղեկություններ հավաքելիս, հարցազրույց կամ լուսանկար հրապարակելիս, տեսա կամ ձայնանյութ հեռարձակելիս նրբանկատ լինել նրանց նկատմամբ»: 3. Հրապարակումից չի երեւում, թե պահպանված են ՅՈՒՆԻՍԵՖ-ի մեդիախմբի մշակած՝ «Երեխաների մասին նյութեր պատրաստելու լրագրողական էթիկան» փաստաթղթի եւ Հայաստանի լրատվամիջոցների եւ լրագրողների էթիկական սկզբունքների Կանոնագրի 4.5 կետի պահանջները: Ըստ դրանց. «Երեխայից հարցազրույց վերցնելուց, տեսանկարահանելուց, իր լուսանկարը կամ իրեն վերաբերող փաստական նյութեր հրապարակելուց առաջ՝ երեխայից կամ նրա համար պատասխանատու անձից (ծնող, խնամակալ, մանկատան տնօրեն, խնամակալության եւ խնամատարության մարմնի ներկայացուցիչ) ստացեք թույլտվություն, ցանկալի է՝ գրավոր եւ անպայման երեխային հասկանալի լեզվով։ Համաձայնությունը պետք լինի կամավոր, եւ բացառվի պարտադրանքի որեւէ ձեւ»։ Դիտորդ մարմինը, ընդունելով, որ երեխաների գիշերօթիկ հաստատությունում տիրող իրավիճակը եւ կատարվող արտառոց դեպքերը հանրային հետաքրքրություն են առաջացնում, այսուհանդերձ կոչ է անում«Shamshyan.com» կայքին եւ վերոհիշյալ հոդվածը վերահրապարակած մյուս լրատվամիջոցներին. 1. Հետագայում նման հրապարակումներ պատրաստելիս առաջնորդվել ընդունված էթիկական չափանիշներով՝ հավասարակշռություն ստեղծելով հասարակության տեղեկացված լինելու իրավունքի եւ երեխաների իրավունքների պաշտպանության միջեւ: ։ 2. Հրապարակել Դիտորդ մարմնի սույն որոշումը, եւ ինչպես այս դեպքում, այնպես էլ հետայսու, երբ կայքից բովանդակություն են հեռացնում, ընթերցողներին հասկանալի ձեւով բացատրել, թե ինչու էին իրենք հրապարակել տվյալ նյութը ու ինչու են հետո որոշել այն հեռացնել Ընդունվել է ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի 2016 թվականի մարտի 3-ի նիստում, Դիտորդ մարմնի հետեւյալ կազմով. Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, «Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր Մեսրոպ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, մամուլի փորձագետ Արա ՂԱԶԱՐՅԱՆ, իրավաբան Գեղամ ՄԱՆՈՒԿՅԱՆ, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տեղեկատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Աշոտ ՄԵԼԻՔՅԱՆ, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Մեսրոպ ՄՈՎՍԵՍՅԱՆ, «Ա1+» հեռուստաընկերության տնօրեն Օլգա ՍԱՖԱՐՅԱՆ, իրավաբան Գեղամ ՎԱՐԴԱՆՅԱՆ, Media.am-ի պրոդյուսեր: