«Հայհոյանք, ծեծ, սրբություններին կպչել». Ս. Օհանյանը՝ արատավոր բարքերի մասին (տեսանյութ)
«Մեր շփման գիծը, որ կարելի է ասել՝ շփման գոտի է, մեր խրամատների միջև ընկած տարածությունն այնքան մեծ ազդեցության տակ է գտնվում, որ այսօր լայնամասշտաբ կերպով տեխնիկական միջոցներ տեղադրելու հնարավորությունը չունենք»,-այսօր Գիտությունների ազգային ակադեմիայում գիտնականների հետ հանդիպման շրջանակում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Սակայն, չնայած դրան, նախարարն ասաց, որ լուրջ աշխատանք է տարվել առաջին գծում ինժեներական կառույցների, սարքավորումների ձևավորման, որը մեր հակամարտության իրականության մեջ զսպման մեխանիզմի մաս է կազմում:
«Հասարակության ակնկալիքներն այն են, որ մեր սահմանները կահավորվեն այնպես, ինչպես օրինակ սահմանապահ ծառայությունն է իրականացվում: Մեզ մոտ դա անհնարին է, որովհետև դեռևս ճշտված չեն այն սահմանները, որոնք գոյություն ունեն մեր հարևանների հետ։ Դա կարող է իրականացվել, երբ երկարատև խաղաղության պայմանագիր կնքվի: Դրանք գտնվում են անընդհատ կրակի տակ, և այսօր տեղադրված սարքավորումներն էլ արագ շարքից դուրս են գալիս: Ձգտում ենք դրանք տեղադրել ավելի խորությամբ»,-շեշտեց պարոն Օհանյանը:
Նախարարը խոսեց նաև բանակի և հասարակության կապի մասին. «Բանակ-հասարակություն կապը բերում է նրան, որ մի օր, ըստ անհրաժեշտության, կարող ենք վերածվել համաժողովրդական բանակի»: Ինչ վերաբերում է բանակում արտակարգ դեպքերին, նա նշեց, որ դրանք այսօր հասցվել են մինիմումի: «Տղամարդկանց կոլեկտիվներում կոնֆլիկտներն անխուսափելի են: Բայց այդ բոլոր կոնֆլիկտների հիմքում ընկած է անհանդուրժողականության մթնոլորտը, որի պատճառն արատավոր բարքերն են: Կեղծ մականուններ, հայհոյանքներ, ծեծ, սրբություններին կպչել, գողական խոսակցություններ, դրա դեմ բոլորս միասին պետք է կարողանանք պայքար տանել»:
Գիտնականները հետաքրքրվեցին նախարարից հարցով, որը միշտ է անհանգստացնում. արդյո՞ք մեր երկրի և Ադրբեջանի միջև պատերազմը կարող է վերսկսվել. «ՀՀ պաշտպանության նախարարությունն ամեն օր է պատրաստվում պատերազմի և ես այդ պատրաստության գլխավերևում, անձամբ Գլխավոր շտաբի պետի աշխատանքն եմ տեսնում: Չեմ կարծում, որ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում լայնամասշտաբ մարտական գործողություններ կլինեն»,-ասաց նախարարը:
Պարոն Օհանյանն այսօր ԳԱԱ անդամներին նաև ներկայացրեց իր՝ «Հայկական բանակի 20-ամյա տարեգրությունը» գիրքը: Ի դեպ, Զինված ուժերի և ակադեմիայի միջև համագործակցության շրջանակում գիտնականները դասախոսություններով են հանդես գալու տարբեր զորամասերում: