Զ. Փոստանջյանի նախագիծը՝ ՀՀ կայացման մասին
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության կայացման մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարության նախագիծը: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ Հայ ժողովուրդը ժամանակակից պատմական շրջանում (1918-2016 թվականներ) իր հայրենիքի մի փոքր մասում հանրապետական կառավարման ինստիտուտների անվան ներքո փորձել է ապրել և բանեցնել իշխանություն: Շուրջ 100 տարի նրան չի հաջողվել ստեղծել հանրապետական կառավարման արդյունավետ ինստիտուտներ: 1918 թվականի մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակումը, 1919 թվականի մայիսի 28-ին Հայաստանի ՀանրապետությանՀՀհհհհհՀանրապետության կառավարության ընդունած Միացյալ և Անկախ Հայաստանի Անկախության հռչակագիրը (որով մեկ պետության մեջ միավորված հայտարարեց «Անդրկովկասում և Օսմանյան կայսրության սահմաններում գտնվող պապենական հայկական երկրները»), Արցախը Հայաստանին վերամիավորելու 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը, 1990 թվականի օգոստոսի 23-ի Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագիրը, Արցախի մասամբ ազատագրումը և ազգային կանոնավոր զինված ուժերի ստեղծումը ժամանակակից պատմական շրջանի կարևոր եզակի նվաճումներից են հայ ժողովրդի բնականոն զարգացումն ապահովելու համար: Հայ ժողովրդի բնականոն զարգացման անհրաժեշտ երաշխիքը` ազգային արդյունավետ հանրապետական կառավարման ինստիտուտները, դեռ չեն գործում: Քաղաքացիական և քաղաքական ազատությունները հիմնականում մնացել են անհասանելի: Գործունեությամբ զբաղվելու ազատ ընտրության հնարավորությունը (հանրային ծառայություն կամ ձեռնարկատիրություն), ինչը տրվում է յուրաքանչյուրին ազգային արդյունավետ հանրապետական կառավարման ինստիտուտների ներքո, շարունակում է մնալ սահմանափակված մարդու քաղաքական, սոցիալական և տնտեսական հնարավորությունների բացակայությամբ: Մարդու անհատական գործունեությունը ձախողված է հանրային կառավարման կառուցվածքի սնանկության հետևանքով: Հանրային կառավարման կառուցվածքի սնանկությունն ունի տարբեր և բազմաշերտ պատճառներ, սակայն ամենակարևոր պատճառն ընտրությունների բացակայությունն է: Ազատ խոսքը և ընտրությունը բացակայել են այս 100 տարիների ընթացքում, որի հետևանքով առաջացել է ազգային անվտանգության խնդիր (տնտեսական անվտանգության): 1918 թվականից հռչակված Հայաստանի Հանրապետություն բառերը շուրջ 100 տարի վերարտադրվել են` չծառայելով իրենց էությանը և առաքելությանը: Անազատության հիմնական ակունքը բռնապետությունն է: Բռնապետության հիմնական կանոնի ժամանակակից ձևակերպումն է. «Եթե անգամ իրենք հավաքած լինեին 100 տոկոսանոց ձայն, միանշանակ է, որ ո՛չ բանակը, ո՛չ ներքին գործերը նման քաղաքական ղեկավարներ չեն ընդունելու և չեն ընդունել», իսկ դրսևորման գագաթնակետն է 2008 թվականի մարտի 1-ի զոհերն ու վիրավորները: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը.
- Դատապարտում է շուրջ 100-ամյա բռնապետությունը:
- Ճանաչում է բռնապետներին որպես ազգային անվտանգության սպառնալիք:
- Հաստատում է հավատամքը գալիք իրական Հայաստանի Հանրապետությանը:
- Պարտավորվում է ծառայել իրական Հայաստանի Հանրապետությանը: