«Իշխանության կողմից կամք չկա՝ բացահայտելու Մարտի 1-ը» (տեսանյութ)
ԱԺ ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը չի տեսնում իշխանության կողմից կամք, ցանկություն՝ բացահայտելու 2008թ. մարտի մեկ-երկուսի ողբերգական իրադարձությունները, հանցագործությունները. «Իշխանությունները պատվերով բացահայտում են, կեղծ մեղարդանքներ են ստեղծում, ցուցմունքներ գրում մեր դեմ, սակայն չբացահայտելու համար կարող են հուշել, այլ ոչ թե պատվեր տալ: Մարտի մեկի ուղղակի մեղավորները դեռ այսօր էլ պաշտոնավարում են: Մարտի մեկը չի բացահայտվել, դա է վկայում նաեւ այսօրվա սգո երթը, ներքաղաքական ծանր իրավիճակը, արտագաղթը. մարդիկ փախչում են, քանի որ իրավական պաշտպանվածություն չունեն»: Լրագրողների հետ հանդիպմանը ամփոփելով ութ տարին՝ պարոն Ջհանգիրյանը եւս մեկ անգամ փաստեց. «Առնվազն տասը զոհ, մի քանի հարյուր վիրավորներ, ծանր մարմնական վնասվածքներ, մոտ իննսուն դատապարտված, որոնց ճնշող մեծամասնությունը շարժման համակիրներ, դատապարտված ընդամենը ոստիկանության մի քանի աշխատակից, որոնք իրական պատժի չեն արժանացել, հազարավոր այլ քաղաքացիներ, որոնք չեն կարողացել օգտվել դատական պաշտպանության իրավունքից, որեւէ անձ պատասխանատվության չկանչվեց կամ չենթարկվեց սպանությունների համար»: Ըստ նրա՝ մինչ այսօր մարտի մեկի գործով սայլը տեղից չի շարժվել, ու չունենք որեւէ դատապարտված անձ: «Ինչո՞ւ է այդպես, քանի որ մարտի մեկ-երկուսի իրադարձությունների մասնակից պետական կառույցների, հանցավոր խմբերի դերակատարությունը մինչեւ վերջ ուսումնասիրված, քննված չէ, իրավական գնահատական չունենք՝ իշխանությունն ինչպե՞ս է գնահատում զինված ուժերի մասնակցությունը, ապօրինի զինված խմբավորումների մասնակցությունը, դեպքի վայրից առգրավված մի քանի հարյուր գնդակների ու փամփուշտների իդենտիֆիկացիա չի արվել, չկան տվյալներ, նույնիսկ երեք սպանված անձանց մարմնից հանված գնդակների իդենտիֆիկացիա չի արվել: Իսկ այդ ժամանակ ՀՀ Գլխավոր դատախազի քայլը՝ մի միջնորդագրությամբ չորս պատգամավորի զրկել անձեռնմխելիությունից, ու խափանման միջոց ընտրել կալանք, պոստսովետական միության անգրագիտության, զեղծարարության անգերազանցելի գլուխգործոց՝ առանց ապացույցի, գեղարվեստական շարադրանքի շնորհիվ»: Ինչո՞ւ Հաագայի դատարանում կասեցվեց Ռոբերտ Քոչարյանի դեմ ներկայացված դիմումը, Գագիկ Ջհանգիրյանը հիշեցնում է. «Դեռ 2010թ. հայտարարել եմ ու նորից պիտի հիասթափեցնեմ՝ այդ ՀՀ-ն չի վավերացրել այդ դատարանին միանալու համաձայնագրին, դրա համար ավտոմատ չի ենթադրում դիմումի՝ վարույթի ընդունում»: Ինչ վերաբերում է Եվրադատարանում մարտի մեկի գործով դատապարտվածների գործերի քննությանը, ապա նա նշեց, որ դրանց մեծամասնության հետ կապված կոմունիկացիաները ավարտվել են ու սպասում են վճիռների հրապարակմանը: «Ինչ վերաբերում է Եվրադատարանում մարտի մեկի զոհերի իրավահաջորդների վճիռներին, ապա գիտեք, որ ՀՀ իշխանությունները ժամանակ են խնդրել՝ պատասխանելու դատարանի հարցերին»: Գագիկ Ջհանգիրյանը չցանկացավ մեկնաբանել ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հայտարարությանը, թե իրենցից հետո ՀՀ-ում քաղբանտարկյալներ չեն եղել. «Որեւէ մեկի հայտարարությունը չեմ մեկնաբանում. ժողովուրդը պետք է ճանաչի՝ ով է քաղբանտարկյալ: Այդ ընկերոջ հայտարարությունը թողնում եմ ժողովրդի դատին»: Ինչ վերաբերում է ներկայիս ՀՀ Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի որոշմանը՝ մարտի մեկի առնչությամբ առանձնացնել գործերն ու առանձին քննիչներ քննեն դրանք, Գագիկ Ջհանգիրյանի գնահատմամբ տակտիկական խնդիր է, սկզբունքային հարց չկա. «Սկզբունքային հարցը հանցագործությունների բացահայտումն է: Իսկ նրա այդ տակտիկական հնարքը դեռ արդյունքի չի բերել»: Անդրադառնալով լուրերին, թե նա լքում է ՀԱԿ-ը, պարոն Ջհանգիրյանը վստահեցրեց. «Ես ինչպե՞ս կարող եմ քիչ շփումներ ունենալ այն կուսակցության հետ, որի անդամն եմ, պատգամավորն եմ: Եթե մտածում եք, որ նման բան հնարավոր է, ես այս գլխից բացառեմ՝ այլ ճանապարհ չկա. դուք, ուրեմն, լավ չեք կարդացել նոր Սահմանադրությունը, քանի որ առանց կուսակցության մաս կազմելու հնարավոր չէ մասնակցել ԱԺ ընտրություններին»: