«Ազդանշան՝ շմայսների, թոխմախների համար» (տեսանյութ)
«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանին զարմացնում են հայտարարությունները, թե ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանի հայտնի արտահայտությունը էթիկայի նորմերի խախտում կլիներ այն պարագայում, եթե ուղղված լիներ իրենից ավելի տարիքով անձի. «Էլ ինչ սպասենք Շմայսից ու Թոխմախի Մհերից, եթե Խոսրով Հարությունյանն է այդպիսի արտահայտություն անում։ Մեր երկրում էթիկայի կանոնները խախտելու համար բարենպաստ վիճակ է ստեղծվել՝ տգիտություն, հասարակական տրամադրություններ, որոշ դեպքերում՝ լրագրողների պահվածքը»։ Նա չի կարծում, որ հանձնաժողովներով ու դաստիարակչական միջոցառումներով հնարավոր է վիճակը շտկվել, մեղքը տեսնում է ավելի բարձր ատյաններում. «Երբ երկրի նախագահը մամուլի դեմ հայտարարություններ է անում, համարում է, որ այս երկրի գաղջ մթնոլորտի մեղավորները լրագրողներն են, դա ազդանշան է շմայսների, թոխմախների համար, որ կարելի է լրագրողների վրա հարձակվել, վիրավորել, հայհոյել»։ Իրավապաշտպան Վարդան Հարությունյանին զարմացնում է պաշտոնատար անձանց կողմից լրագրողների նկատմամբ վերաբերմունքը. «Լրագրողը պետք է պատգամավորի համար ամենապետքական մարդը լինի, քանի որ լրագրողն է իր մտքերը հասարակությանը տեղ հասցնողը, սակայն մեզ մոտ իրավիճակը որոշ դեպքերում այլ է։ Երբ լրագրողները մոտենում են 2-3 տառ իմացող պատգամավորներին ու 4-րդ, 5-րդ տառերի մասին են հարցեր տալիս, պատգամավորը համարում է, որ այդպիսով իրեն ուզում են ասել՝ ինքն անգրագետ է»։ Ըստ իրավապաշտպանի՝ իշխանական շրջանակները մականունավոր պատգամավորներին հրամայում են որքան հնարավոր է քիչ խոսել, քիչ երևալ էկրաններին և երբ լրագրողը մոտենում է նրան, այդպիսով խախտում է այդ պայմանը, այստեղից էլ ագրեսիան է առաջանում։ Արմինե Օհանյանը պնդում է՝ իշխանական շրջանակներում պետք է լինի մերժման մթնոլորտ իրենց թիմակիցների ոչ պատշաճ վարքի նկատմամբ, սակայն իրավիճակը այլ է. «Հերոսացնում են, երևի զանգում ասում են՝ ապրես ախպեր ջան, լավ արեցիր։ Այս ամենը ցույց է տալիս, որ իշխանությունը վատ վիճակում է գտնվում»։