Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փաստաբան Տիգրան Եգորյանը պատասխանատվության կենթարկվի (տեսանյութ)

Քաղաքականություն
EN2UYrXh5x0

17.45 Խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ դատավորը տեղեկացրեց, որ որոշվել է փաստաբան Տիգրան Եգորյանին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմել Փաստաբանների պալատ: «Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից սկսած»,-հայտարարեց դատավորը: 17.29 Դատարանի դահլիճում Վարդգես Գասպարիի դատավարության ժամանակ բանավիճեցին փաստաբան Տիգրան Եգորյանն ու դատավորը: Վերջինս անհասկանալի պատճառներով հայտարարեց, որ Տիգրան Եգորյանն ու Լուսինե Հակոբյանը պետք է նստեն դահլիճի մյուս կողմում: Տիգրան Եգորյանը հետաքրքրվեց դատավորից, թե ինչի համար է նա նման որոշում կայացրել, սակայն վերջինս անտեսում էր նրա հարցադրումները: Այդ պահին դատավորն իր խոսքը ուղղեց Վարդգես Գասպարիին, թե վերջինս ցանկանո՞ւմ է, որ Տիգրան Եգորյանն ու Լուսինե Հակոբյանը ներգրավվեն գործում: Վարդգես Գասպարին հասցրեց միայն ասել. «Իմ փաստաբանը իմ փոխարեն պատասխանում է ձեր հարցերին և...»:Այդ պահին դատավորն ընդհատեց նրան և շարունակեց իր խոսքը: Տիգրան Եգորյանը մի քանի անգամ հարցրեց դատավորին, թե հիմա իրենք տեղափոխվե՞ն դահլիճի մյուս կողմ, թե ոչ, սակայն դատավորն անտեսում էր նրա հարցը: «Հարգելի դատավոր, դուք լսո՞ւմ եք, մեզ, մենք այստեղ ենք: Դուք մեզ տեսնո՞ւմ եք, հե՜յ »,-ասաց Եգորյանը: Սա բարկացրեց դատավորին: Վերջինս ասաց, որ ստիպված է նրա նկատմամբ պատժամիջոցներ կիրառել: «Ես ստիպված եմ լինելու դիմել փաստաբանների պալատին ձեր նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու պահանջով»,-ասաց դատավորը: Տիգրան Եգորյանը կրկին հետաքրքրվեց , թե ինչ հիմքերով, մասնավորապես ինչի համար: Դատավորը պատասխանեց. « Դատարանի նկատմամբ անհարգալից լինելու և վիրավորանքների համար»: Դատավորը լքեց նիստերի դահլիճը՝ ասելով, թե գնում է խորհրդակցության և ցանկություն չունի նրանց լսելու: Փաստաբանները նրա ետևից բացականչեցին. «Մինչև հեռանալը դիմեք հոգեբույժի»: Դահլիճում ներկաները վանկարկեցին «Ամոթ»: Դատավորը խորհրդակցական սենյակում է՝ որոշելու արդյո՞ք դիմի փաստաբանների պալատին՝ Տիգրան Եգորյանի նկատմամբ սանկցիա կիրառելու համար։