Վ. Բաբայանին ԲՀԿ-ից հեռացնելու հարց դեռ չի քննարկվել (տեսանյութ)
ԱԺ ճեպազրույցների ժամանակ այսօր ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն անդրադարձավ ԲՀԿ-ում առկա խմորումներին, մասնավորապես պատգամավոր Վահան Բաբայանի՝ կուսակցությունից հեռացնելու մասին լուրերին. «Այս պահին նման հարց չկա. համարում ենք, որ Վահան Բաբայանն ամենաակտիվ գործիչն է մեր խմբակցությունում»: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությանը, ապա Վահե Էնֆիաջյանն ասաց. «ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համագործակցության համաձայնագրում գրանցված գաղափարներին ու ծրագրերին մնում է միայն հաջողություն մաղթել, իսկ մնացածը ժամանակը ցույց կտա, թե որքանով կհաջողվի իրականացնել այդ ծրագրերը»: Արյդոք ԲՀԿ-ն համագործակցության առաջարկ ստացե՞լ է: «ԲՀԿ-ին առաջարկությունների առումով տարաբնույթ կարծիքներ են եղել, բայց չկա պաշտոնական առաջարկ: Եթե պաշտոնական առաջարկ լինի, ԲՀԿ-ն կքննարկի եւ համապատասխան քննարկումից հետո հանդես կգա հայտարարությամբ»,- ընդգծեց պարոն Էնֆիաջյանը: