Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վ. Ավետիսյանի փաստաբանը խաբել է, թե գործն ուղարկել է ՄԻԵԴ» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Diana-nkar-gagik-saruxanyan

Ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործը ՄԻԵԴ չի ուղարկվել: Այդ մասին այսօր տեղեկացրեց «Իրավունք և աջակցություն» հիմնադրամի տնօրեն, Վոլոդյա Ավետիսյանի ընկեր Գագիկ Սարուխանյանը: «Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանը՝ Արա Զաքարյանը անձամբ ասում էր, որ այս գործը 99%-ով ՄԻԵԴ-ում հաղթած գործ է: Մոտ երկու շաբաթ առաջ ենք անձամբ Արա Զաքարյանից տեղեկացել, որ նա գործը ՄԻԵԴ չի ուղարկել, մինչդեռ դրանից առաջ նա շեշտում էր, որ գործն արդեն ուղարկված է ՄԻԵԴ, ընդամենը սպասում ենք այնտեղի պատասխանին: Երբ որ այդ պատասխանի ստանալը շատ ձգձգվեց, մենք արդեն տարակուսում էինք, թե ինչու չեն պատասխանում և անգամ պատրաստվում էինք նոր հայց ներկայացնել: Բայց վերջին ամիսների ընթացքում այդպես էլ չէր հաջողվում հանդիպել Արա Զաքարյանի հետ, որպեսզի տեղեկատվություն ստանանք այդ կապակցությամբ: Եվ երկու շաբաթ առաջ, երբ սպառվեցին այդ ինֆորմացիան երկարաձգելու բոլոր հնարավորությունները, նա պարզապես հայտարարեց, որ գործը ՄԻԵԴ ընդհանրապես չի էլ ուղարկել»,- իրավիճակն այսպես ներկայացրեց Գագիկ Սարուխանյանը: Ի՞նչ պատճառաբանությամբ է Արա Զաքարյանը այդպես վարվել: «Ա1+»-ի հարցին ի պատասխան Գագիկ Սարուխանյանը ցիտեց փաստաբանի խոսքերը: «Ուղղակի վրիպել եմ, ժամանակն ացել է, չեմ արել»,-մեջբերեց պարոն Սարուխանյանը: Վերջինս այստեղ ակնհայտ միտում է տեսնում: Գործը ՄԻԵԴ չուղարկելու Արա Զաքարյանի քայլի վերաբերյալ նա իր համոզմունքն ունի: «Բոլորս էլ գիտակցում ենք, որ Արա Զաքարյանի նման փորձառու իրավաբանը, մանավանդ այսպիսի հնչեղություն ստացած գործը չէր կարող ուղղակի դարակի մի անկյունում պահեր, որ հետո ասեինք, թե հա մարդ ես , գուցե մոռացել է»,-ասաց նա և հավելեց. «Վարկածը , միանշանակ, հետևյալն է՝ ճնշումներ, սպառնալիքներ են եղել նրա նկատմամբ: Արա Զաքարյանն էլ սովորական մարդ է ի վերջո և կարող էին նրան խոշտանգել, ահաբեկել, սպառնալ և , հավանաբար, իշխանությունները, կիրառել են իրենց այդ միջոցները: Որևէ այլ հանգամանք այստեղ լինել չի կարող»: Կասկածներ ունե՞ք, կոնկրետ ում կողմից է փաստաբանը ճնշումների ենթարկվել,-հետաքրքրվեցինք բանախոսից. «Միանշանակ իշխանությունների: Թե հիմա իշխանությունները դա հատուկ ծառայությունների միջոցով են դա արել, թե Փաստաբանների պալատի, թե այլ ատյանների միջոցով , դա հստակ չեմ կարող ասել: Բայց որ իշխանությունների ցուցումով է այդ ճնշումը եղել դա միանշանակ է»,-շեշտեց նա: Գագիկ Սարուխանյանի տեղեկացմամբ՝ Արա Զաքարյանը ետ է վերադարձրել նաև իրեն վճարած գումարները, իսկ նրա փոխարեն այլ փաստաբան Վոլոդյա Ավետիսյանը դեռևս չունի: Անկախ այս հանգամանքից, Գագիկ Սարուխանյանը վստահեցրեց, որ ՄԻԵԴ , անպայման, դիմելու են: Կատարվածի առնչությամբ փորձեցինք պարզաբանում ստանալ նաև Արա Զաքարյանից: Վերջինս, սակայն, հեռախոսազանգերին չի պատասխանում: