Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քաղաքական այդ ամուսնությունից սերունդ չի լինի՝ ծերացած են» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
TeO7c2wbAh8

ԱԺ-ում այսօր ճեպազրույցների ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը լրագրողների հետ հարցուպատասխանը սկսեց հետեւյալ հայտարարությամբ. «Գարուն է, ժողովուրդ, եկեք գնանք քայլենք, ի՞նչ ենք հավաքվել այստեղ»: Նրան ուղղված հարցերից մեկը վերաբերում էր քաղբանտարկյալների առկայությանը, որի մասին ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասել էր, որ իրենցից հետո չեն եղել քաղբանտարկյալներ, անգամ մարտի մեկին. «Փաստորեն,  Հռոմի պապից ավելի կաթոլիկ են՝ ՀՀԿ-ից ավելի ՀՀԿ»: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությանը, ապա Արամ Մանուկյանը նշեց. «Սա ցավալի է, սա բլեֆ է, որ իբր քաղաքական դաշտը կարգավորելու են: Այն նախարարները, որոնք ՀՅԴ համար պաշտոնանկ են արվել, վա՞տ էին աշխատել: Ուղղակի ՀՅԴ-ն, որի վրա մատը դրել է, էն երեխայի նման, որ ասում է՝ այս խաղալիքն եմ ուզում, այս ուտելիքն եմ ուզում, այդ նախարարությունն էլ տվել են նրան: Կարո՞ղ եք ասել՝ ո՞ր սկզբունքով այդ դեպքում տրվեց նրանց այդ պորտֆելները: Սա ընդամենը ՀՅԴ քմահաճույք էր: Քիչ հիասթափեցնող բաներ կար մեր իրականության մեջ, սա էլ ավելացավ: Եվ, ի վերջո, դուք լո՞ւրջ եք վերաբերվում Սերժ Սարգսյանի հայտարարությանը. դա այս ամենի շարունակությունն էր: Ի դեպ, այդ քաղաքական ամուսնությունից ենթադրվում էր, որ նոր սերունդ պետք է ծնվեր, սակայն երկուսն էլ ծերացած են»: Արդյոք ՀՀԿ արդեն նախկին նախարարները լա՞վ էին աշխատել, Արամ Մանուկյանը նշեց. «Ոչ, Արմեն Աշոտյանը անիծեց կրթական համակարգի հերը: Վերջ, ուրիշ գնահատական չունեմ. նա կուսակցականացրեց ամբողջ կրթական համակարգը: Երբ ես ԿԳ փոխնախարար էի, որեւէ մեկը ՀՀՇ-ական չի դարձել ու կադրային ջարդ չի եղել: Ո՞նց կարելի է վարչական մեխանիզմն օգտագործել ու մարդկանց  ստիպել դառնալ իրենց նման. որբի գլուխ են դարձրել մի ամբողջ համակարգ»: Արամ Մանուկյանը նաեւ հայտարարեց, որ մարտի մեկին ՀԱԿ-ը, ՀԺԿ-ն եւ «Նոր Հայաստանը» հավաք, երթ են անցկացնելու ծաղիկներ են դնելու Մյասնիկյանի արձանի մոտ, որտեղ տեղի են ունեցել ողբերգական իրադարձությունները. «Մենք նաեւ նախաձեռնությամբ ենք հանդես եկել՝  Հիշատակի օրերի մեջ այդ օրը ներառել որպես բռնաճնշումների դեմ պայքարի օր»: Արդյոք հիշատակի այդ օրը ներկա կլինի՞ ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Արամ Մանուկյանը դժվարացավ ասել: