Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արա Աբրահամյանն ու Արթուր Բաղդասարյանը լավ ընկերներ են» (տեսանյութ)

Քաղաքականություն
hovh-margaryan

ԱԺ-ում այսօր ճեպազրույցների ժամանակ ՕԵԿ խմբակցության պատգամավորներն անդրադարձան «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցության հիմնադիր համագումարին եւ այն լուրերին, որ ՌԴ Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը սերտ առնչություն ունի նոր կուսակցության հետ: ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հայտարարեց, որ իրենց այս գործընթացում Արա Աբրահամյանը որեւէ մասնակցություն չի ունեցել. «Արթուր Բաղդասարյանն ու նա լավ ընկերներ  են ու ընտանիքներով են մոտ: Իսկ թե քաղաքական դաշտում նա ինչ գործունեություն կծավալի՝ հետագան ցույց կտա»: Նրա խոսքերով՝ իրենք պայքարում են հաղթանակի համար. «Ասում են, թե ռեսուրս չունենք, ու դա ասում են այն մարդիկ, որոնց հետեւից հինգ հոգի էլ չի գնում, նայում ես իրենց գրիչներին, իսկի իրենց բոյին չեն: Մենք պետք է մեր ժողովրդի մոտ հույսն ու հավատը վերականգնենք: Այն հեքիաթները, որ պատմում են, թե մենք չունենք ռեսուրս, դա որոշ գրչակների գործն է, իրականությանը չեն համապատասխանում: Մեզ կարող են քննադատել, սակայն տեղին: Ի վերջո, քամին անհրաժեշտ է ծառին, որ արմատները պնդանան, եթե այն բնական է ու ոչ թե  արհեստածին փոթորիկ է»: Այն հարցին, թե արդյոք խախտում չէ՞, որ ԱԺ-ում նրանք ներկայանում են որպես ՕԵԿ պատգամավորներ, մինչդեռ այդ կուսակցությունն այլեւս գոյություն չունի, Հովհաննես Մարգարյանը նշեց, որ ըստ ընթացակարգի, ԱԺ Կանոնակարգ օրենքում փոփոխություն են ներկայացրել. «Խմբակցության լուծարման հետ կապված հարցերը կարգավորված են, սակայն անվանափոխությունը տեխնիկական խնդիր է, որը շուտով կկարգավորվի. իրավական առումով այս գործընթացը շուտով կավարտվի: Մենք հիմա ՀՎՄԿ պատգամավորներ ենք»: