«Արմեն Աշոտյանը լուրջ աշխատանքներ ունի անելու» (տեսանյութ)
«Եթե քաղաքական համագործակցության մասին հուշագիրը մանրամասնորեն ուսումնասիրեք , ապա կտեսնեք հիմնական ուղղությունները, հիմնական թիրախները: Ես կարծում եմ, որ դրանք բոլորն էլ պետականության համար կարևոր, հանրային կյանքի կազմակերպման համար կարևոր խնդիրներ են: Սակայն ամենակարևոր խնդիրը հանրային կյանքի խնդիրներն են՝ միասնական, ընդհանուր քաղաքական կամքով և ընդհանուր քաղաքական պատասխանատվությամբ լուծելու պատրաստակամությունն է»,-այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ շեշտեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ պատասխանելով «Ա1+»-ի այն հարցին, թե ՀՅԴ-ի հետ համագործակցությունից իշխանությունը մասնավորապես ի՞նչ արդյունքներ է ակնկալում: Տիկին Նաղդալյանի կարծիքով՝ այդ պատրաստակամությունը նաև բավականին արժեք ունի: Մեր հաջորդ հարցին, թե ի՞նչ պաշտոն է տրվելու Արմեն Աշոտյանին՝ տիկին Նաղդալյանը պատասխանեց. «Պարոն Աշոտյանը կուսակցությունում բավականին լուրջ և պատասխանատու աշխատանքներ ունի կատարելու այս մեկ տարվա ընթացքում»: Իսկ Կարեն Ճշմարիտյանին պաշտոն հատկացնելու վերաբերյալ հարցին Հերմինե Նաղդալյանն ի պատասխան ասաց, որ նման հարց չի քննարկվել: «Պարոն Ճշմարիտյանը մեկն է այն մարդկանցից, ով մասնագիտական բավականին լուրջ ներուժ ունի և մեծ հեղինակություն, այնպես որ վստահ եմ, որ նրա ներուժն օգտագործվելու է մեր պետության մեջ»,-ասաց նա: Անդրադառնալով քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի ձերբակալման և նրա առողջական վիճակի վերաբերյալ հարցին, տիկին Նաղդալյանը շեշտեց, որ այդ մասին երեկ ԱԺ-ում մանրամասն մեկնաբանություն է տվել արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Աժ փոխնախագահը, սակայն, կոչ արեց լրագրողներին , որպեսզի վերջիններս զգուշությամբ կիրառեն քաղբանտարկյալ արտահայտությունը՝ այս համատեքստում օրինակ բերելով հարևան երկրներում տիրող իրավիճակը: Մանրամասները՝ տեսանյութում