Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընդդիմադիրները կդիմադրեն ոստիկանությանը (տեսանյութ)

Քաղաքականություն
ynddimadir

Արդյո՞ք «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի համար այս գիշերը կլինի վերջինն Ազատության հրապարակում։ Երևանի քաղաքապետարանն արգելել է 87 օր այստեղ նստացույց անցկացնող ընդդիմադիր շարժմանը շարունակել շուրջօրյա հավաքները։ Ընդդիմադիրները, սակայն, որոշել են չենթարկվել ու գիշերն անցկացնել հրապարակում։ «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանը նշում է. «Անհիմն սահմանափակումներով մեզ չեն կարող կանգնեցնել, մեր քայլը լինելու է օրինական և դա լինելու է բողոք՝ քաղաքապետարանի գործողություններին ու հրապարակումներին»։ Անդրիաս Ղուկասյանն ասում է. «Մենք այստեղ գտնվելով, հանրային քննարկումներ անցկացնելով, կստեղծենք մի այլ իրավական  վիճակ, որը մեր կարծիքով կհստակեցնի դրությունը, կստեղծի իրավական հիմք՝ նստացույցը շարունակելու»։ Արգելելով շուրջօրյա հավաքներն Ազատության հրապարակում՝ քաղաքապետարանը հիմնվել է ոստիկանության դիրքորոշման վրա, թե ընդդիմադիրները գիշերն աղմկում են ու խանգարում բնակիչների անդորրը։ Պարոն Ղուկասյանը մեկնաբանում է.  «Ազնիվ չէ ոստիկանությունն իր մոտեցումներում և կատարում է քաղաքական պատվեր, գտնվում է քաղաքական ազդեցության տակ, ոչ թե կատարում է իրավապահ մարմնի գործառույթ»։ Ընդդիմադիրները համոզված են՝  իշխանությունները գիտեն, որ իրենք ամենևին միտք չունեն հեռանալ Ազատության հրապարակից ու այս կերպ փորձում են քաղաքական նպատակների հասնել։ «Այս ամբողջ գործընթացը կազմակերպված է։ Իրենք ուզում են իրենց համար ցանկալի արդյունք ստանալ, հիմնական արդյունքը հրապարակից հանելն է, իսկ ածանցյալ արդյունքները՝ ինչքան հնարավոր կլինի բռնանալ գործընթացների վրա, ճնշել»,- ասում է Վարուժան Ավետիսյանը։ Ոստիկանությա՞նը, թե՞ «Նոր Հայաստանին» կհաջողվի առաջ տանել սեփական մոտեցումներն ու գաղափարները, պարզ կդառնա կեսգիշերն անց։