ՀՀԿ-ն պատրաստ է բանակցել նաև Ն. Փաշինյանի ու Զ. Փոստանջյանի հետ (տեսանյութ)
ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Վահրամ Բաղդասարյանը ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան քննադատողներին ասում է. «Դատարկախոսները պետք է քննադատեն և ասեն, որ սա դատարկախոսություն է: Բայց նոր Սահմանադրության դրույթներից, ինչու չէ նաև՝ Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի ելույթից բխող դրույթների իրագործման համար անխուսափելի է համագործակցությունը: Այդ դատարկախոսներն, ինձ թվում է, տարիների ընթացքում նրանք էլ պետք է համագործակցության գան: Եթե այն ժամանակ համագործակցությունը լինում էր կուլիսներում, հիմա արդեն բացահայտ համագործակցություն պետք է լինի»: Հարցին, թե օրինակ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցո՞ւմ են, ՀՀԿ-ականն ասաց. «Եղել են դեպքեր, երբ օրենքների հետ կապված մենք համագործակցել ենք: Ինչո՞ւ պետք է Նիկոլ Փաշինյանի նման բանիմաց քաղաքական գործչի հետ ես բանակցություն չվարեմ, կամ Զարուհի Փոստանջյանի հետ»: ԲՀԿ-ի հետ հնարավոր համագործակցության առումով էլ պարոն Բաղդասարյանը նշեց. «Պաշտոնների հետ կապված հարց չենք քննարկել, բայց համագործակցում ենք»: