Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ի՞նչ փոխհատուցում է եղել մարտի 1-ի զոհերի ծնողներին (տեսանյութ)

Քաղաքականություն
C9GIbqY90po

ԱԺ-ում այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարեց, որ իր հարցերը բազմազան են ու ուղղված բոլոր նախարարներին. «Օրինակ՝ Երվանդ Զախարյանը հայտարարում է, որ վարկ ենք վերցնելու՝ ՀԷՑ-ի պարտքերի համար, ՀԷՑ-ը հակառակն է ասում, Գյուղնախը օգոստոսից չի տվել այն մարդկանց գումարները, որոնք խաղողը հանձել են: Մարտ ամիսն ենք մտնում, ինչո՞ւ փողերը չեք տալիս. այդ մարդիկ վարկերը չեն կարողանում փակել, նոր վարկ էլ չեն կարողանում վերցնել: Խաղողագործությունը չշարունակելու վտանգի առաջ ենք այսպիսով կանգնած: Մշակույթի նախարարությանը կամ Նարեկ Սարգսյանին կհարցնեի՝ էդ ինչպե՞ս է լինում՝ կիրակի օրով գաղտագողի հուշարձանները քանդում են, ու գերատեսչությունները իրար վրա են գցում պատասխանատվությունը»: Պարոն Մանուկյանը նշեց, որ ամենաակտուալ հարցի վրա է ուզում կենտրոնանալ. «Ինչո՞ւ կառավարությունը չի պատասխանում ՄԱԿ-ին՝ ի՞նչ փոխհատուցում է եղել մարտի մեկի զոհերի ծնողներին ու ի՞նչ պատիժ է տրվել հանցագործներին: Տեղեկացնեմ, որ մարտի մեկի զոհերի տուժողների ներկայացուցիչների բողոք-գանգատը հասել է Եվրադատարան եւ հիմա կոմունիկացիայի փուլում է: Երբ հարց է ուղղվել ՀՀ իշխանություններին, մարտիմեկյան իրադարձությունների 8-րդ տարում ՀՀ իշխանությունը Եվրադատարանից ժամանակ է խնդրել՝ հարցերին պատասխանելու համար: Պատասխանը պետք է լիներ դեկտեմբերին, սակայն ժամկետը ձգել են մինչեւ այս տարվա մարտի վերջ: Քանի՞ տարի է ձեզ պետք ու ինչքա՞ն եք ձգելու»: Նրան պատասխանեց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ ասելով, որ այդ հարցը մեկ անգամ եւս հնչել է, երբ ԱԳ նախարարը դահլիճում չի եղել. «Այս անգամ կրկին նա դահլիճում չէ, սակայն ժամանակին վարչապետը հանձնարարել էր, որ գրավոր պատասխանի ձեզ: Ես եւս մեկ անգամ կաշխատեմ ճշտել՝ ինչո՞ւ չեն պատասխանել ձեզ: Եվրադատարանի հետ ժամկետները երկարաձգելու, դանդաղեցնելու խնդիր չունենք»: Արամ Մանուկյանը նշեց, որ դա փնթի վերաբերմունք է միջազգային կառույցների նկատմամբ, որոնք նույն կերպ էլ արձագանքում են մեզ. «Ես հանգիստ կարող եմ ԵԽԽՎ հակահայկական բանաձեւերը կապել նաեւ մեր այս փնթի վերաբերմունքի հետ: Ձեր ասած պատասխանը չենք ստացել: Հարգելի իշխանավորներ, քանի որ այս դահլիճում տրվածս հարցերը չեն լուծվում, ինքնըստինքյան հրապարակ են գնում: Ես ճիշտ կլինեմ, չէ՞ որ մարտի մեկին հրապարակից հնչեցնեմ այս հարցի մասին: Ես խոսել եմ մեր փաստաբանների հետ, որ 8 տարվա ՀՀ իշխանությունները մատը մատին չեն խփել, դուք արհամարհած ունեք. չպատասխանելը իրավական չէ, այլ լրիվ ուրիշ տեղ է պատասխանը»: Ի պատասխան Դավիթ Հարությունյանը ասաց. «Սկսեմ պոչից, իսկ դա այն է, որ միտինգում, միեւնույնն է, դուք ասելու եք այն, ինչ ուզում եք, անկախ նրանից ինչ կասենք մենք: Զուգադիպությամբ դուք հարց եք տալիս այն ժամանակ, երբ պատասխանատու նախարարը դահլիճում չէ: Ես հակված չեմ դրա մեջ միտում տեսնելու, սակայն դա 3-րդ անգամ է կրկնվում դա: Երբ նա դահլիճում չէ, ես կդժվարանամ հակափաստարկներ ներկայացնել, քանի որ անլուրջ կլինի, ես տեղյակ չեմ հարցից: Կներեք հարցադրումը հռետորական է, քանի որ նախարարը տեղում չէ»: