Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Լիցենզավորում եք այն, ինչ Ռիժկովի հրամանով կասեցվել է» (տեսանյութ)

Քաղաքականություն
9o6GnpYqkdU

ԱԺ-ում այսօր «Պետական տուրքի մասին» օրենքի փոփոխությունները վերածվեցին բանավեճի ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանի եւ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանի միջեւ: Նախ՝ Հրանտ Բագրատյանն իր ելույթում հայտարարեց, որ Վարդան Այվազյանն անձամբ ավիրում է ՀՀ տնտեսությունը. «Դուք լիցենզավորում եք մի բան, որ դեռ 1980-ականներին Ռիժկովի հրամանով կասեցվել է: Դրա համար ես տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստերին էլ չեմ գնում, քանի որ երբ ուզում եք մի բան անցկացնել, պետք է գոռալով անցկացնեք: Այստեղ հազար դրամ տուրքի վճարից կառչելու հարցը չէ, այլ կարեւորն այն է, որ հիմնավորումները կցված չէն»: Հարակից զեկուցող Վարդան Այվազյանն իր ելույթում արձագանքեց՝ ասելով. «Սելը ճռռալու փոխարեն, սելվորն է ճռռում. դուք լինեք վարչապետ, ես մեղավոր լինե՞մ: Օրենքները գրված են, կարդալու համար. նախագծում գրված է ԵՏՄ պայմանագրին միանալու մասին փաստաթղթում կա լիցենզիաների կարգավորման մասին կետ, ըստ որի՝ ուզենք, թե չուզենք, պետք է թույլտվություն կամ արտոնագիր ներկայացնեն ֆիզիկական անձինք՝ երրորդ երկրից ապրանքներ ներմուծելիս կամ արտահանելիս, որը կարժենա հազար դրամ: Այս նախագծով մենք հարկային ռեժիմը թեթեւացնում ենք: Ես հասկանում եմ, որ կամերայի նկատմամբ սիրո դրսեւորումներ ունեք, դրա համար մեր հանձնաժողովի նիստերին չեք գալիս, սակայն չեմ հասկանում տնտեսական դաշտը ավիրելու մասին մեղադրանքները»: Հրանտ Բագրատյանը կրկին ընդվզեց՝ ներկայացնելով իր դժգոհությունները նախագծի հետ կապված: Դահլիճից դուրս գալիս նա դեռ շարունակում էր բանավիճել Վարդան Այվազյանի հետ: Նրանց բանավեճին միջամտեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ ընթերցելով քննարկվող նախագծի կետերը: Այդ ընթացքում Հրանտ Բագրատյանն էլ դահլիճում չէր: