ՀՅԴ հիմնական մտահոգությունները փարատված են (տեսանյութ)
ԱԺ-ում այսօր Մարդու իրավունքների պաշտոնում Արդարադատության փոխնախագահ Արման Թաթոյանի թեկնածության հարցի քննարկմանը ՀՅԴ խմբակցության անունից հանդես եկավ Արծվիկ Մինասյանը՝ հայտարարելով, որ նրա հետ հանդիպումից հետո ՀՅԴ հիմնական մտահոգությունները փարատված են. «Արման Թաթոյանի մոտեցումները լիարժեքորեն տեղավորվում են ՀՅԴ մոտեցոմների մեջ: Մենք ձեզ հաջողություն ենք մաղթում, եւ կողմ ենք քվեարկելու»: ՕԵԿ խմբակցությունը ազատ քվեարկության կողմնակից է: Իսկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ Արման Թաթոյանը միգուցե կիրթ ու աշխատասեր երիտասարդ է, սակայն դա բավարար չէ. «Դուք նշանակվելու եք վերահսկելի մի գործընթացում, ու դուք ձեր աչքի առաջ պետք է ունենաք Կարեն Անդրեասյանի դեպքը, քանի որ ռեժիմը վերահսկելու բոլոր լծակներն ունենալու է ձեր դեմ»: Նա հիշեց սովետական մի հայտնի անեկդոտ. «Հայտնի անեկդոտի չուկչան կարող էր ասել՝ այո, նա ՄԻՊ է, սակայն չուկչան գիտի նրա անունը: Այս պաշտոնում դուք պաշտպանելու եք Սերժ Սարգսյանի իրավունքները: Թեեւ դուք որոշակի ազատություններ ունենալու եք ու այդ առումով վերաձեւակերպեմ ասածս՝ այս պաշտոնում պաշտպանելու եք Սերժ Սարգսյանի՞, թե՞ նրա կողմից ոտնահարված միլիոնավոր մարդկանց իրավունքները»: «Ինչպե՞ս կարելի է ասել՝ իբր կա օմբուդսմեն: Մենք էլ կարող ենք ասել՝ իբր կա ՀԱԿ»,- արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: