Չփառատոն՝ հայ-թուրք-ադրբեջանական ֆիլմերով
Դիալոգոս-չփառատոն՝ պատերազմի և խաղաղության: Սա Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կազմակերպած միջոցառումն է, որի բացումը տեղի ունեցավ այսօր: Դիալոգոսի շրջանակներում Մոսկվա կինոթատրոնում ցուցադրվելու են ֆիլմեր՝ պատրաստված հայ, ադրբեջանցի և թուրք ռեժիսորների կողմից:
Այսօր ցուցադրվեց 2012 թվականին ստեղծված «Հիշողություններ առանց սահմանների» ֆիլմը: Հեղինակներն են Մեհմետ Բինայը, Հարություն Մանսուրյանը, Այազ Սալաևը, Արմեն Սարգսյանը և Լևոն Քալանթարը: Ֆիլմն ազգերի հիշողության և մարդկային ճակատագրերի խաչմերուկ է: Այն առաջարկում է մտորել, թե ինչ ենք ընտրում ուրիշների մասին հիշելիս, և ինպիսին ենք մենք՝ նրանց հուշերում: Այս ֆիլմին հաջորդեց վրացուհի ռեժիսոր Քեթի Գիգաշվիլիի «Նամակներ»-ը:
Ինչո՞ւ չփառատոն, ո՞րն է նախաձեռնության նպատակը. «Այն ֆիլմերը, որ ներկայացնում ենք՝ հակամարտությունների թեմայով են: Այսօր ապրում ենք մի դարաշրջանում, երբ հսկայական քանակի հակամարտություններ են և մեր տարածաշրջանում, և դրանից դուրս: Ֆիլմերը, որոնք այդ թեմային են վերաբերում, դժվարությամբ եմ կարողանում փառատոնի շրջանակներում տեղավորել: Փառատոնը տոն է, իսկ այս ֆիլմերը, ցավոք, մեզ տոնի մասին չեն պատմում»,-նշեց Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը:
Դիալոգոսը կտևի մինչև փետրվարի 25-ը: